Գալուստ Սահակյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն եւ ցավակցել
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին “Շառլի Էբդո”
պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:
ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. “Հայ ժողովրդի
եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում “Շառլի Էբդո” պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետեւանքով
զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն եւ ոգու արիություն:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն”:
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
“Խոր վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7-ին Փարիզում՝ «Շառլի Էբդո»
պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած
ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանքներիս հավաստիքը”: