Այսօր Սուրբ Հարության տոնն է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ: