Սերժ Սարգսյանը մատնանշեց այս իրավիճակից դուրս գալու ելքը
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարի իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև ներկայացրեց դրանից դուրս գալու իր քայլերը։
Նա նշեց, որ աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի վերաբերյալ մի առիթով ինքն արդեն ասել էր, որ այդ ընտրություններն իրենց նպատակը կամ երազանքը չէին:
«Ընտրությունների արդյունքները որքան էլ մեզ համար կանխատեսելի էին, քանի որ իրավիճակը մենք լավ էինք պատկերացնում, այնուամենայնիվ, ցավալի էր տեսնել, որ ժողովրդի մի զգալի հատվածին կրկին մոլորեցրին ստի, վախի, բռնաճնշումների և տարբեր մանիպուլյացիաների միջոցով, այնինչ կապիտուլյանտ իշխանություններն առհասարակ պետք է դուրս շպրտվեին քաղաքական դաշտից և իրենց բերած աղետի ու ավերի համար կրեին խստագույն պատասխանատվություն:
Ի հեճուկս հանրապետականներին քաղաքական լուսանցքում տեսնել տենչացողների՝ մեր կուսակցությունը 2 տարի անց կրկին վերադարձավ խորհրդարան: Եվ սա՝ մեր դեմ իշխանական լծակների լայնորեն կիրառման, մեր գրասենյակներ անհիմն ներխուժման, բռնության հրահրման, սպառնալիքների ու ատելության մթնոլորտի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում:
Այս իրավիճակում, չնայած խմբակցության փոքրաթիվ լինելուն, գործընկերների հետ շարունակում ենք պայքարը կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելու ուղղությամբ` ի լրումն խորհրդարանից դուրս տարվող մեր աշխատանքի: Ապազգային մեծամասնությամբ այս խորհրդարանում մեր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին տեսակետները տարբեր են: Մենք ականջալուր ենք մեր ընտրողների տեսակետներին, հաճախ տեղին քննադատություններին, խմբակցության պատգամավորների առջև դրվող պահանջներին և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք` այդ մանդատներից մեր պատգամավորները կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս»,– հայտարարեց Ս․ Սարգսյանը:
Նաև հավելեց, թե՝ ի՞նչ է լինելու այս ամենից հետո, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, ի՞նչ է պետք է անել դրա համար»՝ այս օրերին ամենաշատը տրվող հարցերն են, որոնց վերաբերյալ նա ասաց․
«Առաջին` չհամակերպվել այս իրավիճակի հետ և չշարունակել այն մտայնությամբ ապրել, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Թոթափել պարտվածի հոգեբանությունը, նախևառաջ` արիանալ հոգով, վերագտնել հավատը մեր ուժերի և մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:
Երկրորդ` ամեն օր լրացնել սեփական գիտելիքների պաշարը՝ շարունակական կրթությունը դարձնելով կենսագործունեության մաս: Ձգտումը՝ դառնալու ավելի լավը, խելացին և ուժեղը, կարևոր նախապայման է հայրենիքին պիտանի լինելու և արժանվույնս ծառայելու համար:
Երրորդ` իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե` մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո: Վերլուծությունից ճիշտ հետևություններ անել, որը շատ կարևոր է նույն սխալը, ցավոք, ճակատագրական սխալը, չկրկնելու համար: Չապրել պատրանքներով, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր խնդիրը լուծելու է:
Չորրորդ՝ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով, կրկնում եմ` բոլոր հնարավորություններով, գործել ազգադավ ուժերի դեմ: Միաժամանակ աշխատել երիտասարդության հետ, կրթել ազգային ոգով` քաջ գիտակցելով, որ մեր պայքարի համար պիտանի չեն նույնիսկ աշխարհի լավագույն բուհերում կրթված այն երիտասարդները, որոնք Հայրենիք չունեն իրենց հոգում և մտքի մեջ, չունեն ազգային արժանապատվություն:
Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում:
Նշածս նպատակին հասնելու համար ոչ մի դեպքում ճանապարհ չի կարելի ընկնել ծուլության, մեծամտության, հուսահատության, սնափառության հետ: Սրանք կործանարար են:
Անհրաժեշտ է, որ բոլորս մեր հետագա գործողություններում հստակ ամրագրենք՝
զրո հուսահատություն, քանզի ստեղծված իրավիճակում հուսահատությունը մեղք է ոչ միայն Աստծու, այլև Հայրենիքի հանդեպ,
զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու,
– զրո ամբիցիա, քանզի հանուն Հայրենիքի բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները։
Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ ենք:
Աստված պահապան մեր ազգին, մեզ զորավիգ՝ հայրենանվեր մեր ձեռնարկումներն իրագործելու ճանապարհին»։