“Bloomberg”-ն ԱՄՆ-ին կոչ է անում օրինակ վերցնել Հայաստանից
Ամերիկյան հայտնի “Bloomberg” տեղեկատվական ընկերությունն իր վերջին վերլուծության մեջ ԱՄՆ-ին առաջարկում է վառելիքային փոփոխություն կատարել, իսկ որպես օրինակ առաջարկում է դիտարկել Հայաստանը` ընդգծելով մեր երկրի ռեկորդային ցուցանիշը:
“Այդ երկրում ավտոմեքենաների եւ բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է, ԱՄՆ-ում` ընդհակառակը` 0,1 տոկոսից էլ ցածր է այդ ցուցանիշը, չնայած այն փաստին, որ բնական գազի գները կտրուկ ընկել են վերջին տարիներին: Այնինչ բնական գազի օգտագործումը հսկայական օգուտներ կբերեր ԱՄՆ-ին, քանի որ կնվազեցներ խոցելիությունը նավթի գների ցնցումների առաջ”,-գրում է հոդվածագիրը:
ԱՄՆ-ում կա 2 հազար գազալցակայան եւ 120 հազար բենզալցակայան: Բնական գազի անցնելու դեպքում հարկավոր է սկսել հենց լցակայաններից: Խոսվում է նաեւ բնապահպանական օգուտների մասին: Բացի ֆինանսկան օգուտից, բնական գազի անցումը կարող է նաեւ ջերմոցային գազերի եւ այլ արտանետումների ծավալը նվազեցնել: Բնական գազով աշխատող փոխադրամիջոցները 25 տոկոսով ավելի քիչ ջերմոցային գազեր են արտանետում:
ԱՄՆ-ի Գիտությունների Ազգային ակադեմիայի հաշվարկներով` նման անցման պարագայում կլիմայական փոփոխությունները կհետաձգվեն մոտ 300 տարով: