Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավորին
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:
Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:
Հայաստանի Նախագահը եւ Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին” համաձայնագիր, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին” համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին” համաձայնագիր, “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին” համաձայնագիր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջեւ փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջեւ քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առեւտրի պալատի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առեւտրի պալատի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջեւ Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առեւտրի պալատի եւ Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջեւ փոխըմբռնման հուշագիր:
Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:
Արարողակարգի համաձայն, Հայաստանի Նախագահը եւ Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին:
Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդն անձամբ իր եւ բոլոր հորդանանցիների անունից ողջունել է Հայաստանի Նախագահի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Հորդանան: Նա ընդգծել, որ իր երկրում մեծ հպարտությամբ են ընդունում Հորդանանի եւ Հայաստանի միջեւ առկա առանձնահատուկ հարաբերությունները: Երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ, ըստ Հորդանանի Թագավորի, եղել են շատ խորը կապեր: Այդ համատեքստում նա հիշատակել է իր հոր եւ պապի ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ եւ նրանց օժանդակությունը հայ ժողովրդին: Թագավորն ընդգծել է, թե ոչինչ ավելի լավ չի խորհրդանշում հայ-հորդանանյան բարեկամությունը, քան Հորդանան գետի ափին վաղը կայանալիք հայկական եկեղեցու բացումը: Հորդանանի Թագավորը նշել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցով նոր գլուխ է բացվում հայ-հորդանանյան երկկողմ հարաբերություններում եւ հույս է հայտնել, որ այս այցն ավելի կամրապնդի միջպետական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում մեկ անգամ եւս շեշտել է, որ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, եւ այն հատկապես դրսեւորվել է հայ ժողովրդի համար ողբերգական պահին, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին՝ դժբախտության ժամանակ դառնալով մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այդ առումով Նախագահն առանձնահատուկ հիշատակել է Արաբական Մեծ հեղափոխության առաջնորդ էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի դերը, որի անունը հավերժացել է մեր պատմության մեջ եւ ընթերցել է 1917 թվականին իր որդիներին՝ Էմիր Ֆեյսալին եւ Էմիր Աբդալլահին էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի ուղղած ուղերձը, որում նա հորդորում է՝ “Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը”: Ըստ Հանրապետության Նախագահի, այդ ուղերձը տարածվեց եւ փրկեց հազարավոր հայերի կյանքը:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին եւս մեկ դրվագ, երբ 1988թ. Հայաստանը պատուհասած աղետալի երկրաշարժի ժամանակ Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հայրը որդուց՝ Նորին Մեծությունից իմանալով այդ սարսափելի դժբախտության մասին, անմիջապես օժանդակություն ուղարկեց Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ահա այսպիսի պահերն են, որ այսօր երկու կողմերին վստահություն են հաղորդում ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները:
ՀՀ Նախագահն իր խոսքում կարեւորել է նաեւ մարդասիրությունը, կրոնական հանդուրժողականությունն ու համերաշխությունը, որոնք, նրա համոզմամբ, համամարդկային արժեքներ են: Ի հավաստումն ասվածի, Նախագահը մեջբերել է Հորդանանի երջանկահիշատակ Հուսեյն Առաջին թագավորի խոսքը. “Անկախ այն բոլոր դեպքերից եւ դեմքերից, որ սպառնացել են, նույնիսկ փորձել են խանգարել, քրիստոնյա-իսլամական հանդուրժողականությունը ու համակեցությունը կարողացել են դիմակայել … Այս մշակութային խաչաձեւումը մեծապես նպաստել է փիլիսոփայության, գրականության գիտության եւ արվեստի բնագավառում մարդկության առաջընթացին, հետագայում նաեւ մեծ դեր խաղալով եվրոպական վերածննդի ծագման գործում”:
Հայաստանի Նախագահը եւ Հորդանանի Թագավորը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային, մասնավորապես՝ մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության եւ նրա բոլոր դրսեւորումների կապակցությամբ, կարեւորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը:
Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: