28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը։ Կանադահայոց Թեմը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: Այս մասին կոչ է հղել Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։

Նրա կոչում, մասնավորապես, նշվում է.

«Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը

Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից մեկը: Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և ցայսօր շարունակվող գործողություններն ու մանավանդ Նոյեմբերի 9-ի ստորագրված հրադադարի տխուր համաձայնագիրը՝ 2,5 տարի առաջ կատարված իշխանափոխության հասցեական և սպառիչ պատասխաններն են ամենքիս, որ եկող սերունդը պատմության մեջ պիտի գնահատի որպես ունայնություն և խաբկանք։

Հազարավոր վնասված և մահացած հայորդիների ստեղծած վիշտը, հսկայական տարածքների կորստի հուսալքիչ կացությունը և այս բոլորի հետևանքով ամբողջ հայրենի աշխարհում ստեղծված հոգեբանական, տնտեսական և ռազմական անապահով վիճակը խորապես ցնցել են հայ ժողովուրդը:

Ցավ ի սիրտ Հայոց պատմության արձանագրած հազարավոր փառահեղ հաղթանակներից հետո, այսօր հայրենի մեր կառավարության որդեգրած թույլ ու տկար ընթացքի պատճառով, վայրկյան առ վայրկյան, ազգովի գրանցում ենք մեր պատմության ամոթալի և խայտառակ պարտությունը: Սա ընթացք է, որը շարունակական է քանի դեռ ՀՀ կառավարման ղեկը մնում է համացանցային տիրույթում` անկարող և արժանապատվությանը կարոտ անձերի ձեռքին։

Հայրենիքը կորստի եզրին հասցրած իշխող քաղաքական ուժը, այլևս խոսելու փոխարեն պետք է լռեր, գիտակցեր իր կողմից թույլ տրված սխալները և կամովին հեռանար՝ կանխելով էլ առավել ահագնացող ճգնաժամն իր բոլոր բացասական հետևանքներով։

Բյուրավոր հայորդիների դժգոհությունը, ինչպես նաև հոգևոր, գիտական, կրթական, մշակութային, գործարար և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների կողմից հնչող հորդորները մնում են անտեսված, քանի որ «Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս ԺԸ 2):

Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը:

Դոստուևսկու «դևեր»-ի հերոսները, կարծես թե համատեղ հարած են այսօրվա հայաստանյան ղեկավարության կերպարների մեջ, սուտ ու կեղծիք տարածելով իրենց հավատացող անդեմ և աննկարագիր հետևորդների մեջ՝ դիւային տիրապետություն սահմանելով մայր հայրենիքում:

Ստավրոգինի դիմակի տակ թաքնված այսօրվա վարչապետը միայն ներքին քաոս ու զայրույթ ստեղծեց Հայաստանում: Իշխանությունն իր ձեռքին ծառայեց ոչ թէ ստեղծագործության այլ անհատի ինքնաոչնչացման:

Խորապես առնչված մեր եղբայրների և քույրերի այս օրերին ապրած ճգնաժամով՝ պարտք ենք համարում միանալ վարչապետի հրաժարականի համահայկական պահանջին և աղոթում, որ օրվա իշխանությունը՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելով իր ձախողության և այժմու անկարողության ակնհայտ իրականությունը, հրաժարվի իր դիրքերից և առիթ ստեղծի, որպեսզի քաղաքական հանդարտ պայմաններում տեղի ունենա իշխանափոխություն՝ հնարավորություն տալով սթափ գիտակցություն ունեցող անձերին փրկել հայրենիքը վերջնական կործանումից և ժողովրդի մեջ ահագնացող ատելության կործանարար թույնից։

Դուք, որպես կույր առաջնորդ, անիրական խոստումներով տարված, հուսահատությունից բղավող, մի ամբողջ ժողովրդի չեք կարող առաջնորդ լինել։

Ի սեր հայրենյաց սուրբ նահատակների, վիրավոր և կարիքի մեջ հայտնված մեր զավակների՝ պատվասեր կամքով հանձն առեք հայրենիքի փրկության ձեր վերջին հնարավորությունը։ Փնտրեցե՛ք իմաստություն և գոնե այս պահին առաջնորդվեք ոչ թե դատարկ կարգախոսով այլ իմաստությամբ «Քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը» (Առակ. Գ 14):

Չենք կասկածում, որ ինչպես միշտ, Աստվածընտիր մեր ազգի տենչը նպաստին է հասնելու, քանի որ Նա է հաղթանակ պարգևողը (Բ Մնաց․ ԻԵ 8) և Նրան Փառք և Գոհություն այժմ և հավետ․ Ամեն։

Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ