27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծայրահեղ վիճակում, երբ դավաճանության, հայրենիքի կորստի վտանգի, մեր սրբությունների ավերումի, երկրում լուրջ բախումների իրողությունը կա, այս դեպքո՞ւմ էլ Եկեղեցին լուռ մնա

Այսօր մի քանի հոգի կարծիք հնչեցրին, թե հոգևորականները թող չխառնվեն քաղաքական գործերին և զբաղվեն միայն հոգևոր գործերով։ Ի գիտություն այդպիսի անձերի՝ հիշեցնեմ, որ հոգևորականը ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր ժամի, երբ ցանկանա, կարող է արտահայտվել քաղաքացիական իր իրավունքներից ելնելով։ Վերոնշյալ տրամաբանությամբ կստացվի, ուրեմն, որ հացթուխը պիտի զբաղվի միայն հաց թխելով, արհեստավորը՝ միայն արհեստով, ուսուցիչը՝ միայն դպրոցով, բժիշկը՝ միայն հիվանդանոցով և այլն, ու քաղաքականության հետ որևէ առնչություն չունենա։

Այդ դեպքում երկրի քաղաքացին ինչպե՞ս պիտի իրականացնի իր քաղաքացիական իրավունքները։ Կարծես թե ընտրությունների ժամանակ այդ տարանջատումը չեն հիշում և խնդրում են քաղաքական գործընթացների, ընտրությունների մեջ բոլորը ներգրավված լինեն։ Ծայրահեղ վիճակում, երբ դավաճանության, հայրենիքի կորստի վտանգի, մեր վանքերի ու սրբությունների ավերումի, երկրում հնարավոր լուրջ բախումների իրողությունը կա, այս դեպքո՞ւմ էլ Եկեղեցին և հոգևորականները լուռ մնան, հո մենք անմեղսունակ ու անհայրենիք արարածներ չենք, որ տագնապի, զգուշացումի, ուղղորդումի ձայն չբարձրացնենք։

Քրիստոնեությունը չի սահմանափակվում միայն եկեղեցու պատերով, այն տարածվում է բոլորի վրա և բոլոր ոլորտների վրա՝ ներառյալ քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին։ Հիշյալ տգիտությունից ելնելով՝ որոշ խմբակներ նաև անպատշաճ և ցածր կրթվածության աստիճանի, զրպարտության սովորության համաձայն ուղղորդված իբր քննադատություններ հնչեցրին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականության հասցեին։

Հոգևորականության կոչերը արժանապատվությամբ ընդունվում են մտահոգ ու մտածող մարդկանց, մտավորականների, մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ հավատացյալների կողմից։ Իսկ ատելություն ու փնովումներ սերմանող ագրեսիվ փոքրամասնությունը թող սեփական շրջանակներում իր ուզած բառամթերքն օգտագործի ու սպառի, մենք, միևնույն է, աղոթելու ենք նաև նրանց փրկության համար։ Բայց չեմ կարող նաև չհնչեցնել Պարույր Սևակի Նորօրյա աղոթքի խոսքերը. «Բյուրատեսք ու բութ հավատացյալներ, բյուրատեսք ու սուտ հավատացյալներ»։

Ադամ քահանա Մակարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ