Բերլուսկոնին որոշել է վերադարձնել վարչապետի աթոռը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բելուսկոնին կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է “Reuters”-ը:
Բերլուսկոնիի մտադրության մասին հայտարարել է Ֆաբրիցիո Չիկիտին` Բերլուսկոննի կողմից ղեկավարվող “Ազատության ազգ” խորհրդարանական ֆրակցիայի առաջնորդը: Նա հավելել է, որ Բերլուսկոնիի որոշումից հետո կուսակցությունը որոշել է չանցկացնել փրայմերիզ, որը նախատեսված էր իրականացնել ընտրություններից առաջ:
Բերլուսկոնիի որոշմանը նպաստել են հարցումները, ըստ որոնց նախկին վարչապետի առաջադրվելու դեպքում նրան պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 30 տոկոսը այն դեպքում, երբ կուսակցության ներկայիս քարտուղար Անջելինո Ալֆանոն կստանա հարցվածների ընդամենը 10 տոկոսի ձայնը:
Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 3 անգամ` 1994-95-ին, 2001-2006-ին, 2008-2011-ին: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա բազմիցս մեղադրվել է կոռուպցիայի, քաղաքական ընկերությունների անօրինական ֆինանսավորման եւ նույնիսկ մաֆիայի հետ կապված լինելու համար, սակայն ամեն անգամ նրան հաջողվել է խուսափել պատժից:
Հարկ է նշել, որ 2011-ի նոյեմբերին` իր վերջին պաշտոնաթողումից հետո, Բերլուսկոնին հայտարարել էր, որ այլեւս չի մասնակցի ընտրություններին: