“Առաջ` դեպի աղջիկներ”. Բերլուսկոնին լրջորեն մտադիր է պայքարել վարչապետի պաշտոնի համար
Իտալիայի նախակին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի “Ազատության ժողովուրդ” կուսակցությունը շուտով կստանա նրա առաջին կուսակցության` “Առաջ, Իտալիա”-ի անունը: Այդ մասին Բերլուսկոնին հայտնել է գերմանական “Bild”-ին:
“Ազատության ժողովուրդը” կազմավորվել է 2009-ին` “Առաջ, Իտալիա”-ի, Ազգային դաշինքի եւ մի քանի ավելի խոշոր քաղաքական կազմակերպությունների միավորումից: Իր հերթին “Առաջ Իտալիա”-ն գոյություն է ունեցել 1994-2009: Առաջին անգամ կուսակցությունը իտալական խորհրդարան է մուտք գործել հենց 1994-ին, երբ Բերլուսկոնին առաջին անգամ դարձավ վարչապետ: 2007-ին “Առաջ Իտալիա”-ի պարտությունից հետո Բերլուսկոնին հայտարարեց “Ազատության ժողովուրդ” կուսակցության ստեղծման մասին:
Ներկայումս “Ազատության ժողովուրդը” իտալական խորհրդարանի ստորին պալատում 210 մանդատ ունի, իսկ վերին պալատում` 127: Բերլուսկոնիի կուսակցությունը կոալիցիա է կազմում “Հյուսիսային լիգայի” հետ, որը վերջերս հայտնվել էր խարդախությունների հետ կապված սկանդալի կենտրոնում:
Հաջորդ խորհրդարանական ընտրություններն Իտալիայում կկայանան 2013-ի ապրիլին: Բերլուսկոնին մտադիր է կրկին պայքարել վարչապետի պաշտոնի համար: “Ազատության ժողովուրդ” կուսակցության անվանումը` հասարակության վստահությունը կորցնելու պատճառով փոփոխելու մասին նա հայտարարել էր դեռեւս 2011-ի հոկտեմբերին: Այդ ժամանակ Բերլուսկոնին կատակել էր, թե կուսակցությունը կարելի է անվանել “Առաջ` դեպի աղջիկներ”: