Մահացել է լեգենդար Ջոն Լորդը /վիդեո/
72 տարեկանում Լոնդոնում վախճանվել է լեգենդար երաժիշտ, “Deep Purple” խմբի ստեղնաշարային գործիքների վիրտուոզ Ջոն Լորդը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Երաժիշտը մահացել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում հուլիսի 19-ին` ընտանիքով եւ ընկերներով շրջապատված: Կյանքի վերջին տարիներին Լորդը պայքարում էր ստամոսագեղձի քաղցկեղի դեմ:
Ջոն Լորդը ծնվել է 1941-ի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Լեստեր կոմսությունում: 1968-ից “Deep Purple” ռոք խմբի անդամ է: Մասնակցել է խմբի բազմաթիվ հիթային երգերի, այդ թվում ` “Smoke on the Water”-ի ստեղծմանը:
1976-ին` “Deep Purple’ խմբի կազմալուծումից հետո, Լորդն սկսել է նվագել “Deep Purple’-ի նախկին վոկալիստ Դեյվիդ Քավըրդեյլի “Whitesnake” խմբում, համագործակցել է Ջորջ Հարիսոնի, Դեյվիդ Գիլմորի, Գրեմ Բոնեթի եւ շատ այլ հայտնի երաժիշտների հետ:
Երբ “Deep Purple’-ը վերականգնեց իր գործունեությունը, Լորդը վերադարձավ խումբ եւ շարունակեց աշխատել այնտեղ մինչեւ 2002-ը: Լորդի վերջին համերգը “Deep Purple’ հետ կայացավ 2002-ի սեպտեմբերի 19-ին, որից հետո նա լքեց խումբը իրեն սոլո կարիերային նվիրելու համար: Իր սոլո համերգներով Ջոն Լորդը շրջագայությունների էր մեկնում մինչեւ 2011-ի օգոստոսը:
Ջոն Լորդը այն երաժիշտների թվում է, ովքեր միացան` 1988-ի երկրաշարժից ավերված Գյումրու երաժշտական դպրոցի վերանորոգման համար միջոցներ հավաքելու նպատակով:
http://youtu.be/jfX7dPq9otU