Շառլ Ազնավուրը քննադատել է Պուտինին

Հռոմից հետո Ազնավուրին սպասում է Մոսկվայում համերգը, և քանի որ նա միասեռականության թեմայի մասին երգ է գրել դեռևս 1972՝ Comme ils disent-ը, լրագրողները նրան հարց են տվել, թե արդյոք նա կերգի այդ երգը, թե կխուսափի դա անել Վլադիմիր Պուտինի նախագահած Ռուսաստանում, որտեղ շարունակվում են խտրականություն ցուցաբերել միասեռականների նկատմամբ:
Շանսոնյեն, ով նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, խոսել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ տարվածության, մարդու իրավունքներին իր նվիրումի մասին:
’’Պուտինի դիրքորոշումը սխալ է’’,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ չի կարելի դատապարտել բնակչության մի հատվածի: ’’Իհարկե կերգեմ այդ երգը, կամ առնվազն, ես մտադիր եմ դա անել: Չնայած պետք է նաև ասեմ, որ եթե ինձ հստակ խնդրեն չանել դա, ապա կմտածեմ այդ մասին. դեսպան եմ հարևան երկրի, որին օգնում է Ռուսաստանը, չէի ցանկանա խնդիրներ ստեղծել: Ես կմտածեմ վերջին պահին, բայց հնարավոր է՝ մոռանան ինձ նման բան խնդրել’’,- ասել է նա։
Ազնավուրը նաև խոստովանել է, որ երբ գրել է այդ երգը, իրեն հարցրել են, թե ով է դա երգելու: Ազնավուրը պատասխանել է՝ ‘’Ես’’: Չնայած շատերը կարծել են, որ նա դժվարություններ կունենա, քանի որ ինքը միասեռական չէ, սակայն երգն անմիջապես մեծ հաջողություն է ունեցել։