Աշխարհն առանց մեզ
Բարի օր, հարգելի ընթերցող: Henaran.am-ը արձակուրդից անցնում է ակտիվ աշխատանքային ռեժիմի: Ամառը թեժ էր ոչ միայն եղանակային իմաստով. միջազգային քաղաքական հարթակն էլ պակաս ցածր եռման աստիճանում չէր: Այսպիսով, փորձենք ամփոփել` ինչ է կատարվել աշխարհում, մինչ մենք վայելում էինք հանգիստը:
Օգոստոսի 8-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդհատելով իր արձակուրդը: ՀՀ եւ ՌԴ նախագահները համաձայնության են եկել Հայաստան ներմուծվող գազի սակագնի շուրջ, քննարկվել են նաեւ մի շարք երկկողմ հարցեր` քաղաքական, հումանիտար, առեւտրա-տնտեսական ոլորտներին վերաբերող: Սա այն ամենն է, ինչ Սարգսյան-Պուտին հանդիպումից հայտնի դարձավ լրատվական աղբյուրների միջոցով:
Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական “շփումներից”. Արցախի մասով առանձնակի զարգացումներ չեն գրանցվել, եթե չհաշվենք Անկարայի “դարակազմիկ” առաջարկը` ԱԳ նախարար Դավութօղլուն առաջարկում է միջնորդ հանդիսանալ կողմերի միջեւ հանդիպում կազմակերպելու հարցում: Երեւանը բնականաբար թուրք դիվանագետին շտապել է հիշեցնել իր միջազգային պարտավորությունները` Եվրոպայի միակ փակ սահմանի առնչությամբ:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն անհանգստություն է հայտնել պատմության եւ աշխարհագրության ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառելու կապակցությամբ: Նա հայտարարել է, որ այս նոր նախաձեռնությունը “զայրացրել եւ անհանգստացրել” է իրեն` նշելով, որ այն դեռեւս Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարման օրոք է նախաձեռնվել: Հարկ է նշել, որ դասագրքերում կան նաեւ քարտեզներ, որոնցում սլաքներով ցուցադրված է հայերի աքսորի ճանապարհները եւ զանգվածային ջարդերի վայրերը:
Ինչպես սպասվում էր Սիրիայում դրությունը շարունակում է լարված մնալ: Օգոստոսի 28-ի առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Դամասկոսի Ջամալա թաղամասում, որի բնակիչների մեծ մասը աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադին: “ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` առնվազն 20 մարդ է զոհվել:
Սիրիային չի դադարում “գնդակոծել” պաշտոնական Վաշինգտոնը: Օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել էր, որ Դամասկոսի կողմից քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելը կարող է փոխել Վաշինգտոնի դիրքորոշումը` Սիրիա զինված հարձակում գործելու վերաբերյալ, չնայած Օբաման առայժմ որեւէ հրաման չի արձակել այդ կապակցությամբ:
Նույն հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` կոչ անելով սիրիական ընդդիմությանը ձեւավորել ժամանակավոր կառավարություն` հավաստիացնելով, որ Ֆրանսիան անմիջապես կճանաչի այն:
Այս ամենից հեռու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռը` արքայազն Հարրին, սկանդալային եւ թագավորական ընտանիքի համար չլսված առաջարկ է ստացել:
Նրան հրավիրել են նկարհանվել բավականին բարձր բյուջեով պոռնո ֆիլմում, որի աշխատանքային վերնագիրն է ” Անհաջողություններ Հարրիի հետ”: Արքայազնին խոստացել են 10 մլն դոլար հոնորար եւ նկարահանումների վայրն ընտրելու հնարավորություն: