Բռնակոթում վերջին զանգ չի հնչի.վերջին պահին էլ քֆրտեց թուրքին
Սյունիքի մարզի Բռնակոթի մանկապարտեզում երեկ հրաժեշտի հանդես չարեցին: Այսօր էլ դպրոցում վերջին զանգի արարողությունը չեն անի: Հայրենիքի նահատակ զինվոր Արթուրին պիտի հրաժեշտ տան, վերջին հրաժեշտը:
Զինվոր, որ միայն 19 գարուն էր ապրել, ու գարնանն էլ ավարտեց իր երկրային կյանքը /Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը-ԽՄԲ./:
Մայիսի 20-ին, հերթափոխի ժամանակ, Արթուր Սեյրանի Օհանջանյանի՝ Հադրութի ինքնապաշտպանական դիրքերում խոշոր տրամաչափի հրազենից զոհվելու բոթը ջուր մաղեց գյուղի գլխին:
Իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը յոթ ամիս:
Ինչպես տեղեկացնում է vorotan.am-ը, Օհանջանյանների ընտանիքը հինգ զինվոր է ճանապարհել բանակ, հինգն էլ՝ Արցախ, հինգն էլ՝ ինքնապաշտպանական դիրքեր:
Ցավոք, Արթուրը… չեկավ, բերեցին…
Հերթափոխն ավարտելուց հետո արձակուրդ պիտի գար…
Ավագ եղբայրը՝ Սեւակը պատմեց, որ երբ վիրավոր Արթուրին զորամասի հրամանատարը հարցրել է՝ ոնց ես, Արթուրն ասել է՝ լավ եմ:
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո 25 րոպե նույնիսկ գիտակցությունն է տեղը եղել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Այն հարցին, թե որեւէ բան խոսե՞լ է, Սեւակն ասաց, որ այդ ընթացքում միայն “քֆրտել է թուրքի…”:
Արթուրը տան փոքրն էր՝ բոլոր փոքրերին վերապահված սիրո մեծ չափաբաժնով, դրա համար էր սգացող մայրը զինվոր որդուն Արթուրիկ դիմում:
Թեեւ դժվար է հաշտվել կորստի հետ, թեեւ դժվար է զավակ թաղելը, բայց իր վիշտը եւ կսկիծը իր ներսում ամփոփած զիվորի հայրը՝ Սեյրան Օհանջանյանը թեւաթափ՝ միայն մեկ բառ ասաց՝ “Ի՞նչ ասեմ… Ճակատագիր է…”:
Հարազատները տեղյակ չէին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել էր “Մարտական ծառայություն” մեդալով։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: