28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հռոմի Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։

Հռոմի պապն անձամբ էր ցանկացել իր այցի օրակարգում ընդգրկել Գյումրին։ Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կա կաթոլիկ համայնք կամ պապական հիվանդանոց։ Գյումրին իրականում խորը, ժամանակակից ու առանձնահատուկ հետաքրքիր քաղաք է՝ իր դիմագծով, պատմությամբ, ավերիչ տարեթվերով, իր դժվարություններով հանդերձ՝ ապրելու և հավատքի գեղեցիկ օրինակ: Գյումրին մետրոպոլիս է, որովհետև ունի հարյուրամյակների քաղաքային կենսագրություն, իրար հետ հանգիստ ու սիրով հարաբերվող բազմազգ ու բազմաշերտ հասարակություն։

Գյումրին իր մեծ պոտենցիալով, թերևս, կարիք ունի ինքնավերլուծության ու ինքնաարտահայտման` հասկանալու իր անցյալը, իր ներուժն ու ապագան։ Այդ ինքնագիտակցումը կբերի առաջին հերթին նոր հայացքի ու նոր, հստակ ինքնագնահատականի, այն, ինչ մենք հաճախ չէինք տեսնում, բայց տեսավ Հռոմի պապը։ Նա տեսավ տարիների անդադար հարվածներից ու մեծ աղետից հետո նորից ոտքի կանգնող, ոգով ամուր մի ժողովրդի` մեծ հավատով ու անսահման սիրով:

Տեսավ հենց Գյումրիում։ Տեսավ Գյումրվա հյուրընկալության կատարյալ մի օրինակ` Հայ առաքելական եկեղեցու, նրա հավատավորների ու հոգևոր առաջնորդի ջերմ ու եղբայրական ընդունելությամբ: Իր սրտի խոսքն էր, որ ասաց Գյումրիում. «Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. նա այցելել է ձեր ժողովրդին։ Աստված բնակվում է սիրողի մեջ. Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին»:

Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր. այն արձանագրումն էր քաղաքի դժվարությունների, բայց և նրա փայլուն ապագայի հանդեպ անկոտրում հավատի։ Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ