Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի դեպքերի մասին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակի մասին, որտեղ շարունակվում են բախումները երկրի արեւելյան շրջաններում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը տարիներ շարունակ խաղացել է Դոնեցկի ”Շախտյորում” եւ միայն 1 տարի առաջ է տեղափոխվել ”Բորուսիա”:
-Ուկրաինայում ես շփվում եմ մի քանի խաղընկերների եւ ծանոթների հետ: Չէի ցանկանա քաղաքական հայտարարություններ անել, սակայն այդ իրավիճակն ազդեցություն է թողնում ինձ վրա: Իմ մի քանի ընկերներ հեռացել են այնտեղից: Եթե ամեն ինչ հանդարտվի, նրանք կվերադառնան, հակառակ դեպքում դա տեղի չի ունենա: Մյուս կողմից իմ ընկերների մի մասը մնացել են Դոնեցկում: Ծանր է, սակայն նրանք շարունակում են այնտեղ ապրել:
-1 տարի առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ իրավիճակն այսպես կսրվի: Ուկրաինայի արեւելքում կային անջատողականության ազդակներ:
-Ոչ, իմ կարծիքով, այն ժամանակ նման բան չկար: Այնտեղ խաղալուս 4 տարիների ընթացքում դա չի զգացվել: Դրա մասին չէր էլ կարելի ենթադրել: Դրա հավանականությունը 1% էր: Սակայն կյանքում երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա վաղը: