ՀՀ դեսպանությունը հարյուրավոր նամակներ է ստանում հունգարացիներից
Այս օրերին Հունգարիայում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ նամակներ է ստանում հունգարացիներից կապված Ռամիլ Սաֆորովին Ադրբեջանին արտահանձնելու խայտառակ գործարքի հետ:
Հասարակ հունգարացիները խորը վրդովմունքն են հայտնում եւ խստագույնս դատապարտում սեփական կառավարության միաջազգային իրավական եւ մարդկային բարոյական նորմերը խախտող քայլը: Հունգարացիները նաեւ կոչ են անում հավասարության նշան չդնել Հունգարիայի եւ ներկայիս հունգարական կառավարության միջեւ:
Այսպես հունգարացիներից մեկը գրում է. “Այն ինչ արեց հունգարական կառավարությունը եւ վարչապետ Վիկտոր Օրբանը անընդունելի եւ ամոթալի է: Նաեւ ուզում եմ նշել, որ Հունգարիան եւ Վիկտոր Օրբանի կառավարությունը նույնը չեն”: Հունգարները նաեւ կոչ են անում պաշտպանել հայ-հունգարական դարավոր բարեկամությունը եւ թույլ չտալ, որպեսզի երկու ժողովրդների միջեւ թշնամանք ծագի: “Ներողություն եմ խնդրում հունգարական ժողովրդի անունից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված: Ես միայն խնդրում եմ Ձեզ հայ ժողովրդին հավաստիացնել, որ մեզնից շատերը համակրում են հայերին եւ նրանց մշակույթը: Խնդրում ենք թույլ մի տվեք ատելությունը ծաղկի հայ եւ հունգար ժողովրդների միջեւ”,- գրում է մի այլ քաղաքացի: “Թույլ տվեք ինձ արտահայտել իմ համակրանքը եւ վիշտը հայ ժողովրդի զայրույթին եւ բողոքին` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեպքի հետ, ով նողկալի
հանցագործություն էր կատարել Ձեր հայրենակցի նկատմամբ: Ես մեծապես դատապարտում եմ հունգարական կառավարության կողմից իրականացված արտահանձման գործընթացը:
Հայկական համայնքը եղել է Հունգարիայի պատմության անքակտելի մասը: Մեզ ավելի շատ բան է միավորում քան բաժանում: Պաշտպանենք մեր երկրների բարեկամությունը”,- հավելում է մյուսը: