Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում հաստատվել է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած կուսակացական համագումարում ձայների մեծամասնությամբ հաստատել է Բարաք Օբամայի թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, որոնք կկայանան նոյեմբերի 6-ին, տեղեկացնում է “Reuters”-ը:
Բարաք Օբամայի թեկնածությունը համագումարի մասնակիցներին ներկայացրել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1993-2001-ը: Նա հայտարարել է, որ Օբաման թույլ չի տվել ԱՄՆ-ի տնտեսությանը հայտնվել ճգնաժամային վիճակում, միաժամանակ քննադատել է նաեւ Հանրապետական կուսակցությանը: Փոխնախագահի պաշտոնի համար առաջարկվել է այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը:
Համագումարից առաջ ելույթ է ունեցել Բարաք Օբաման: Նա կընդունի նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, որից հետո պաշտոնապես կդառնա նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից:
Նախորդ շաբաթ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում Հանրապետական կուսակցությունը հաստատեց Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը նախագահական ընտրություններում` հանրապետական կուսակցության կողմից: