Պետդեպն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

Ինչպես հայտնում է amerikayidzayn.com-ը, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:
Լրագրողը հիշեցրել է, թե ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը, և նշել, որ Ռուսաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի դեմ քվեարկած պետություններում որդեգրված է հակաամերիկյան արտաքին քաղաքականություն:
՛՛Կան նաև Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձևի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք կանխատեսում եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն՛՛, – ասել է լրագրողը:
Պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, թե տեղյակ չէ նման լուրերի մասին:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են ՛՛ալ-Քաիդա՛՛-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:
Մանրամասները` amerikayidzayn.com-ում: