Աշխարհն ու հայտնիները իրենց զորակցությունն են հայտնում Քեսաբի հայությանը /վիդեո, 18+/
Քեսաբում տիրող իրավիճակին ու քեսաբահայության սպանդին օրեցօր ավելի շատ մարդիկ են անդրադառնում` իրենց զորակցությունը հայտնելով Քեսաբի հայությանը: Քեսաբի հայերին իրենց աջակցությունն են հայտնում հայտնիներն ու քաղաքական գործիչներ` ամբողջ աշխարհից
Հարկ է նշել, որ մարտի 21-ին «Ալ-Քայիդայի» հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումների մի քանի հազարի հասնող ջոկատներ հարձակվել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Զգուշանալով ահաբեկիչների վայրագություններից` Քեսաբի, Սամրայի, Նաբվա Ալ-Մուրրի և մերձակա բնակավայրերի հայ բնակիչները լքել են իրենց տները և սիրիացի զինվորականների աջակցությամբ տեղափոխվել Լաթաքիա:
Ապա համացանցում բազմաթիվ սարսափեր կադրեր հայտնվեցին, որոնցում երեւում էր, թե ինչպես են հանցագործները գնդակահարում, դաժանաբար սպանում Քեսաբի հայությանը, գլխատում նրանց: Քեսաբահայությունը դիմեց ողջ աշխարհին` օգնության կոչով:
Օրերս այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց Ռուսաստանի ԱԳՆ-ն, որում մասնավորապես ասվում էր.
“Վճռականորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական հարձակումները: Տպավորություն է ստեղծվում, որ ծայրահեղականների գործողությունների ակտիվացումն ուղղված է միջսիրիական բանակցությունների վերսկսումը թույլ չտալուն, սիրիացիներին քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավորությունից զրկելուն: Նման սցենարն անթույլատրելի է: Ռուսաստանն իր հերթին պատրաստ է բոլոր գործընկերների հետ փոխգործակցության շարունակմանը`Սիրիայում արյունահեղության դադարեցմանն աջակցելու նպատակով”:
Սպիտակ տունը եւս արձագանքեց Քեսաբում տիրող իրավիճակին:
“Մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաների նկատմամբ սպառնալիքների համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Հռոմի պապը միասին քննարկել են Սիրիայի քրիստոնյաների ծանր վիճակը”,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է Lifenews-ը:
Սիրիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, մեկնաբանելով Քեսաբում տիրող իրավիճակը, նշել է, որ Քեսաբում միայն խաղաղ բնակիչներ են, մասնավորապես` հայերը, որոնց փախել են այստեղ` փրկվելով Օսմանյան կայսրության ցեղասպանությունից:
“Նրանք երեք անգամ սպանել են հայերին միեւնույն վայրում: 1909, 1913 եւ հիմա 2014 թվականներին”,-ասել է նա` նշելով, որ թուրքական տանկերն օգնում են հանցագործների հարձակումներին:
Քեսաբահայությանն իրենց աջակցությունն են հայտնել նաեւ հայտնի ֆուտբոլիստներ, Հայաստանի հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւս Թվիրթերի իր էջում գրառում է արել` Քեսաբի դեպքերի մասին:
Նա մասնավորապես գրել է. “Խնդրում եմ, եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եկեք սա տարածենք»:
Մի քանի ժամվա ընթացքում 3200-ից ավելի մարդ կիսվել է այս գրառումով:
Քիմ Քարդաշյանը նաեւ գրել է. “Եթե չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, ապա Google-ով ճշտեք, մարդու սիրտ է ցավում: Որպես հայ՝ ես հասակ եմ առել բազմաթիվ նման ցավալի պատմություններ լսելով: Ես աղոթում եմ բոլորի համար”: