4 բանից զգույշ լինենք. խորհենք այս գիշեր քնելուց առաջ
Ավարտվեց Մեծ Պահքի Ոսկե շղթան, անցանք ապաշխարության շրջանը, թաղեցինք մեր մեղքերը
Ավագ ուրբաթ` մեր Տիրոջ թաղման օրը, կիրակի օրը Հարություն առանք մեր Տիրոջ հետ` որպես նոր մարդ, և հնարավորինս առանց մեղքերի: Այսուհետ զգուշ և ուշադիր լինենք չորս բանի վրա: Հետևենք մեր լեզվին, աչքերին, ոտքերի և ձեռքերին: Սթափ լինենք, որպեսզի մեր մարմնի այդ անդամները պահպանեն այն մաքրությունը, որ ձեռք բերեցին Մեծի Պահոց շրջանում: Խուսափենք անհարիր բաներ տեսնելուց, անախորժ բաներ լսելուց, մեղավոր ճամփա գնալուց և չարիք գործելուց: Ամեն օր քննենք մեր այս անդամների գործողությունները և հետևողական լինենք ամենայն խստությամբ մեր նկատմամբ:
Քառասուն օրեր միմյանց ողջունելու ենք նույն երանելի Ավետիսով`«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Ջանանք միմյանց ողջունել մաքուր սրտով, պարզ մտքով, լի ուրախությամբ, այնպես, կարծես հենց նոր լսեցինք բարի լուրը: Այսպես աստիճանաբար կրթենք ու դաստիարակենք մեզ, Տերունական բոլոր տոները դարձնենք մեր սրտի սեփականությունը, մեր կյանքի ուղեցույցը, ոչ թե միայն հիշենք, որ այդ օրը ձու են ներկում, կամ փլավ եփում: Մեզ հոգևոր օրհնություն է պետք…