Եվրախորհրդարանը հրապարակեց Սաֆարովի հարցով բանաձեւ
Եվրոպական խորհրդարանում հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւը: Բանաձեւում նշված է.
“Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3-ին, ըստ որի` Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան (Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված փորձը, Էքստրադիցիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, մասնավորապես` Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիան, Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակն` ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին) Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասպանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված` Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:
Որպես հետեւանք` Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31-ին խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ:
Բանաձեւի համաձայն` հայ զինվորի մարդասպանին ներում շնորհելը սրում է տարածաշրջանային լարվածությունը: Հաշվի առնելով վերը նշվածները` Եվրոպական խորհրդարանը՝
1. Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում շնորհելու եւ ժամանելուն պես նրան` իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:
2. Քաջալերում է Հայաստանին եւ Ադրբեջանին` շարունակել հաշտեցման գործընթացը:
3. Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետեւել:
4. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ջանքեր գործադրել` բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես` դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:
5. Կոչ է անում Ադրբեջանին` ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:
6. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձեւը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի եւ ԵՄ անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին”: