Դատիր նրանց, Տեր, ովքեր ինձ են դատում
Դատի՛ր նրանց, Տե՛ր, ովքեր ինձ են դատում և պատերա՛զմ վարիր նրանց հանդեպ, ովքեր իմ դեմ ելան անմի՛տ պատերազմի: Զե՛նք ու զրահդ առ, և օգնությա՜ն եկ ինձ, հալածիչներիս գնդերի հանդեպ հանի՛ր սուրդ հատու. արգելի՛ր նրանց և ինձ ասա թե. «Ե՛ս եմ փրկությունդ հավիտենապես»: Պիտ ամոթի՛ մեջ ընկնեն և ամաչե՛ն նրանք, ովքեր փնտրում էին, որ կորցնե՛ն հոգիս, և ե՛տ պիտի դառնան և ամաչե՛ն պիտի, ովքեր չա՛ր խորհեցին իմ բարության հանդեպ: Լինեն պիտի, ինչպես փոշին հողմի՛ առաջ, և հրեշտակը Տիրոջ պիտի նրանց նեղի՛: Ճամփաները նրանց պիտի խավա՛ր դառնան և գայթեցնեն նրանց դեպի կորո՛ւստն իրենց, և հրեշտակն Աստծո պիտ հալածի՛ նրանց: Իրենց դատարկամիտ որոգայթները ապականության՝ հանիրավի՛ տեղ սարքեցին իմ դեմ. հանիրավի՛ տեղն ինձ նախատեցին: Նրա՛նց վրա պիտի հասնեն որոգայթներ, որ չէի՛ն էլ կարծում, թե այդպիսիք էլ կան, ինչ լարեցին իմ դեմ՝ ո՛տքն իրենց պիտ բռնի, և պիտ ընկնեն իրե՛նց դրած թակարդներում:
Սակայն անձն իմ պիտի իմ Տիրոջո՜վ ցնծա, պիտի ուրա՜խ լինեմ բերած Իր փրկությամբ, ոսկորնե՜րն իմ բոլոր պիտի ասեն Նրան՝ Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, ո՞վ կա՝ նմանվի Քեզ: Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից, փրկե՜ց Նա աղքատին և տնանկի՜ն փրկեց՝ հափշտակելու ելած բոլո՛ր զորեղներից: Չարի վկաները ինձ հանդիման ելան և ինչ չգիտեի՝ ա՛յդ ինձ հարցրեցին: Բարուս փոխարենը հատուցեցին չարո՛վ, և խորհեցին, որ ինձ մարդկանց շարքերի մեջ՝ առա՛նց ժառանգ թողնեն: Նեղությունից նրանց ե՛ս քուրձ հագնվեցի, խոնարհեցրի անձս՝ պա՛հք պահելով, և իմ աղոթքները ծո՛ցս վերադարձան: Որպես եղբա՛յր, ընկե՛ր վարվեցի ես նրանց, որպես սո՛ւգ ունեցող՝ խոնարհվեցի:
Տեսա՛ն, որ տրտում եմ՝ նրանք ուրախացա՜ն, ելա՛ն, հավաքվեցի՛ն, հարձակվեցի՛ն վրաս՝ չարչարեցի՛ն անձն իմ տանջանքներով բազում, տանջանքների կերպեր, որոնց մասին երբե՛ք չգիտեի, և ցրվեցի՛ն հետո, սակայն չզղջացի՛ն: Արհամարհանքներով փորձեցի՛ն ինձ նրանք, և ատամներն իրենց վրա՛ս կրճտեցին: Նրանք ինչ անում են, ե՞րբ պիտ տեսնես, ո՜վ Տեր: Հանի՜ր հոգիս նրանց խորամանկող վարմից, փրկի՜ր միամորիս ահեղ առյուծներից: Խոստովանե՛մ պիտի տաճարներում հսկա, հավաքներում շատվոր պիտի ես Քեզ օրհնե՜մ:
Թող որ չուրախանա՛ն թշնամիներն իմ նենգ, ովքեր ատեցի՛ն ինձ՝ աչք ու հոնքով իրենց ակնարկելո՛վ վրաս: Խաղաղություն էին խոսում ինձ մոտ, սակայն՝ մեծ բարկությամբ լցված՝ նե՛նգ բան էին խորհում: Իրենց բերաննե՛րը բացեցին ինձ վրա, ասին՝ այո՛, այո՛, մեր աչքերո՛վ տեսանք: Զարթնի՜ր, իրավո՛ւնքս պահպանելու, ո՜վ Տեր, ով Աստվա՜ծ իմ, Աստվա՛ծ, ըստ Քո՛ արդարության դատաստաննե՛րս տես, իրավո՜ւնքս պահիր: Թող որ չուրախանա՛ն թշնամիները իմ, իրենց սրտում չասեն՝ կապրե՛ն անձերը մեր, խորտակեցի՛նք սրան:
Պիտի ամաչե՛ն և ամոթի՛ մեջ մնան, որ չարությամբ իրենց խնդո՛ւմ էին վրաս, թող որ ամո՛թ հագնեն և անարգա՛նք հագնեն, որ մեծաբան խոսքով եկան՝ վրա՛ս ելան: Պիտի ցնծա՜ն և պիտ ուրախանա՜ն նրանք, ովքեր որ կանգնեցին կո՛ղմն իմ արդարության: Ովքեր խաղաղության կողմն են Քո ծառայի՝ պիտի ամենայն ժամ ասեն՝ մե՜ծ է Աստված: Լեզուս պիտի պատմի արդարությո՜ւնը Քո և ողջ օրը գո՜վքդ պիտի անեմ:
Սաղմոս 34
Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի