ԱՄՆ դեսպանատները մուսուլմանական երկրներում գրոհի են ենթարկվում /վիդեո/
Մուսուլմանական աշխարհում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը: Սուդանում ԱՄՆ դեսպանատուն են ներխուժել ցուցարարները եւ դեն նետել ամերիկյան դրոշը` այն փոխարինելով իսլամիստական կազմակերպություններից մեկի նշանով, հաղորդում է “Reuters” գործակալությունը:
Ցուցարարներից մի քանիսը կոտրել են ոստիկանական օղակը եւ դեսպանատան ներքին դարպասից ներխուժել են ներս:
Նշենք, որ ավելի վաղ Սուդանում հարձակումներ էին տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանատների վրա:
“ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` ցուցարարները ներխուժել են նաեւ Թունիսում գտնվող ԱՄՆ դեսպանատուն: Ցույցեր են ընթանում նաեւ Պակիստանում: Հարյուրավոր մարդիկ բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Երկրի մայրաքաղաք Իսլամաբադում ցուցարարները փորձել են ներխուժել ամերիկյան դեսպանատան տարածք:
Մուսուլմանական աշխարհում հակաամերիկյան ցույցերն սկսեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում լույս տեսավ “Իսլամի անմեղությունը” ֆիլմը, որում, ըստ մուսուլմանների, վարկաբեկվում է Մուհամեդ մարգարեն: