Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորության
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ նրա մօտ մեր հաւաքուելու համար 2 դուք իսկոյն չխռովուէք ձեր մտքում եւ չզարհուրէք ո՛չ հոգով, ո՛չ խօսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ արդէն եկած-հասած լինի Տիրոջ օրը: 3 Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրինութեան մարդը՝ կորստեան որդին՝ 4 Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամէնի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծոյ տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է: 5 Չէ՞ք յիշում, որ մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը:
6 Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. 7 որովհետեւ անօրինութեան խորհուրդն արդէն գործում է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կվերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում: 8 Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ:
9 Նրա՝ Անօրէնի գալուստը սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, 10 խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը՝ այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն: Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11 եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրինութեան մէջ: 12 Իսկ մենք, Տիրոջից սիրուա՛ծ եղբայրներ, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ, որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, 13 որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով՝ փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար: 14 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. 15 եւ ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս՝ իբրեւ շնորհ, 16 թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ:
Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին 2.1-16 1