Բաքուն «Անակոնդայի սկզբունքն» է կիրառում
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին առաջարկել է երկարացնել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը մինչև Թավրիզ։ Նա նշել է, որ այդ հարցն արդեն իսկ քննարկվել է թուրքական կողմի հետ ու հուշագիր է ստորագրվել։
Վերոնշյալ լուրը հուշում է այն մասին, որ ՀՀ–Ադրբեջան «լոգիստիկ» մրցակցությունն ընդգրկում է ողջ տարածաշրջանը`ցավոք ՀՀ–ն այդպես էլ չկարողացավ կառուցել Իրան–Հայաստան երկաթգիծն, իսկ Հյուսիս–Հարավի շինարարության տեմպերը այնքան դանդաղ են, որ Իրանը սկսում է օգտվել Իրան–Ադրբեջան–ՌԴ երկաթգծից, ինրպես նաև Իրան–ԲԹԿ երկաթգծից։
Ադրբեջանը ցանկանում է ստեղծել բարենպաստ պայմաններ՝հնարավոր է նաև տարանցման համար արտոնյալ պայմաններ, ցածր գներ սահմանելով, որպեսզի իրանական և ռուսական ընկերությունները, բիզնեսն ընտրեն հենց այս ուղղությունը։
Ադրբեջանն ունի մի քանի նպատակ`լոգիստիկ, ենթակառուցվածքային առումով «սեղմելու» օղակը ՀՀ–ի շուրջ։ Առաջինը`ԲԹԿ–ն արդեն իսկ իրողություն է, Ադրբեջանը դառնում է կապող օղակ Չինաստան–Կենտրոնական Ասիա–Կովկաս–Թուրքիա ուղղության վրա, իսկ Իրան–Ադրբեջան–ՌԴ երկաթգծի լիարժեք շահագործումից հետո Հնդկաստանից ապրանքները Իրանի, ադրբեջանական, ռուսական տարածքներով արտահանվելու են Եվրոպա`Ադրբեջանը կամուրջ է դառնում նաև Հյուսիս–Հարավ ուղղության վրա։ Դա արվում է ՀՀ–ին տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու համար`տարանցիկ երկրի կարգավիճակն ու բեռների մեծ հոսքերը Բաքուն «կապում» է և «ուղղում» է իր տարածք։ Երկրորդ`կառուցելով ԲԹԿ–ն թույլ չտալ ՀՀ–ին օգտվել այդ երկաթգծից ու ապրանքներ տարանցել Վրաստանով դեպի Թուրքիա ու Միջերկրական ծով։
Երրորդ`փակ պահելով հայ–թուրքական և հայ–ադրբեջանական սահմանները ՀՀ–ին թողնել միայն Վրաստանի տարածքով տարանցման «հույսին», քանի որ դեպի Իրան լոգիստիկան այնքան էլ զարգացած չէ։ Միայն վերջերս է որոշում կայացվել Մեղրիում ստեղծել ազատ տնտեսական գոտին`ակտիվացնելով ՀՀ–ի հարավն ու այն «կապել» Իրանի տնտեսական, էներգետիկ, տարանցիկ նախագծերին։
Իսկ Վրաստանով անցնող ուղին`երկաթգիծ, ճանապարհներ անցնում է հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո–Քարթլիի տարածաշրջանով, ինչը կարող է մեկ օր`Ղարաբաղում լայնածավալ պատերազմի պայմաններում «փակվել»`ադրբեջանական համայնքի, դիվերսիայի և այլ միջոցներով։ Մեկ այլ ուղղություն`անցնում է Բավրայով–Ջավախքով, սակայն հաշվի առնելով թուրք–ադրբեջանական էքսպանսիան `դեմոգրաֆիկ, տնտեսական Ջավախքում ու հայերի արտագաղթի տեմպերը`ՀՀ–ի համար նաև այդ տարանցիկ միջանցքը`Ջավախքով դեպի Աջարիա և Սև ծով կարող է «փակվել»`կրկին անգամ թուրք–ադրբեջանա–աջարական(մահմեդական) տարրերի կողմից։Չմոռանանք, որ արդեն իսկ Աջարիան ու նրա մայրաքաղաք Բաթումին նմանվում են «փոքրիկ Թուրքիայի»։
Մեկ այլ կարևոր հանգամանք`Ադրբեջանն Իրանի ու Թուրքիայի միջոցով «ապաշրջափակում» է Նախիջևանը, որն այսօր երկաթծային կապ ունի Իրանի հետ`դուրս է գալիս 80 միլիոնանոց շուկա, ինչպես նաև ցամաքային, ավտոմոբիլային և օդային կապ`Թուրքիայի`նույնպես 80միլիոնանոց շուկա`վերջերս Անկարան արտոնյալ պայմաններ է սահմանել նախիջևանյան մի շարք`հիմնականում գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար, որոնք կներկրվեն Թուրքիա։
Բաքուն տնտեսական առումով ուժեղացնելով Նախիջևանը`կանխելով այնտեղից արտագաղթը, Նախիջևանը նաև Ալիևյան կլանի «կենտրոնատեղին» է, այնտեղ տեղակայել է հզոր ռազմական ներուժ`վերջերս անցկացնելով խոշորամաշտաբ զորավարժություններ։ Բաքուն Նախիջևանը վերածում է ռազմական «պլացդարմի», որը պետք է պատերազմի դեպքում`Արցախյան նոր, որը սարերի հետևում չէ, սպառնա Նախիջևանից Երևանին, Երասխին, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերին։
ՀՀ–ն պետք է հետևություններ անի իր շուրջ ստեղծվող քաղաքական, տնտեսական, ռազմական իրավիճակից ու ակտիվացնի «լոգիստիկ» կապերը Իրանի, ինչպես նաև Վրաստանի ուղղությամբ`հայ–վրացական համատեղ ձեռնարկությունների, տնտեսական խոշոր նախագծերի տեսքով, իրանական ներդրումներն էլ պետք է Սյունիքը զերծ պահեն արտագաղթից`Սյունիքն Իրանի համար նույնքան կարևոր է, ինչքան ՀՀ–ի ազգային անվտանգության ու պետականության համար։ Սյունիքը թույլ չի տալիս պանազերիական, պանթուրքական երազանքի կատարմանը`Մեծ Թուրանին `Թուրքիայից մինչև Ալթայ, ներառյալ Իրանի հյուսիսային շրջանները։
Արտեմ Բալասանով