20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար, գրում է Tert.am-ը։

Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից էր, որ Պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու հենց սկզբում:

Պարբերականի՝ Վատիկանին անդրադարձող բաժինը (Vatican Insider) հարցրել է դեսպան Միքայել Մինասյանին, թե ինչ նշանակություն ուներ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը:

«Խորհրդանիշերով և հույզերով լի այդ այցը, կարծում եմ, հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են՝ համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը և ազատությունը։ Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է, և Պապը սովորեցնում է, որ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Աշխարհի հանդեպ բաց լինելը, որովհետև հայերին քաջություն տվեց իրենց բացել աշխարհի առաջ, ազատվել դեռևս այսօր թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից բորբոքվող ցավի կապանքներից: Եվ վերջապես ազատություն, Պապի անձնական ազատությունը, որ նա անտեսեց  ճնշումները՝ մյուս երկու արժեքները փոխանցել կարողանալու համար»,- ասել է Միքայել Մինասյանը:

Նա հիշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, նրա կարծիքով, «լավագույնն են բնութագրում Ծիծեռնակաբերդ Ֆրանցիսկոս պապի այցի նշանակությունը. «Ձերդ Սրբություն, այսօր Դուք դարմանեցիք մեր վերքերը»:

«Կարծում եմ՝ մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ ողբերգությունների առաջ չկա այլ գործիք, քան լռությունը՝ որպես լսելու հրավեր: Զգալ, թե ինչ են ասում զոհերը, չխոսել նրանց փոխարեն, այլ աղոթել նրանց համար և աղոթել, որպեսզի մարդկության հետ տեղի չունենա այն, ինչ տեղի է ունեցել նրանց հետ»,- ասել է  Միքայել Մինասյանն իտալական պարբերականին՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ողջ ընթացքում լուռ:

Միքայել Մինասյանը հիշեցրել է, որ դեռ 2015 թվականի ապրիլի 12-ին պատարագի մեկնարկի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ 20-րդ դարասկզբի ողբերգություններում են մինչ օրս շարունակվող ողբերգական դեպքերի արմատները: Դեսպանը նշել է, որ Հայաստանում Պապի հայացքը ներառում էր նաև Միջին Արևելքի քրիստոնյաներին, որոնց համար նա չի հոգնում խաղաղության կոչ հղել, քանի որ լռությունը չի կարող կիրառվել այն ողբերգությունների դեպքում, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առաջ:

Սուրբ  Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ մենք՝ հայերս հավատում ենք, որ անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար:

«Եթե հարյուր տարի առաջ իմ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Միջին Արևելքի քրիստոնյաների դեպքում»,- ասել է Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ հայերը Թուրքիայից սպասում են այդ քայլին, ինչպես նաև գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն է եղել: «Ցավոք, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»,- ասել է նա:

Միքայել Մինասյանը շեշտել է, որ Հռոմի պապը տարբեր առիթներով խոսել է հիշողության թեմայով, բայց միշտ՝ որպես խորապես դրական մի բան, քանի որ այն «կապ է ստեղծում մարդկանց, ժողովուրդների միջև՝ անգամ, երբ դժվար է դրանք ընդունել»:

«Կարծում եմ՝ այն, ինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի ժամանակ Սուրբ Պետրոսի տաճարում նա արտահայտեց և ավելի ուշ՝ հաջորդ տարի կրկնեց Հայաստան կատարած այցի ժամանակ՝ ցանկություն էր այդ հիշողությունը դարձնել այն հենքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հայերի և թուրքերի միջև խաղաղ հարաբերություններ, հաշտեցման ուղին՝ այն գիտակցմամբ, որ պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից»,- ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

 
 
 

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ