Մոնիկա Լեւինսկին կպատմի ամեն ինչ Բիլլի մասին եւ թե ինչպես է “դա” տեղի ունեցել
1990-ականների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալի արձագանքը հասավ մինչեւ մեր օրերը: Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին, ով մի ժամանակ փորձաշրջան էր անցնում Սպիտակ տանը, եւ որի հետ սիրավեպի պատճառով Քլինթոնը գրեթե զրկվում էր նախագահական աթոռից, որոշել է վաստակել իր սկանդալային անցյալի հաշվին` հուշագրություններ գրելով: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ակտիվորեն շփվում է ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակիչների հետ եւ իր անցյալի հուշերի հրապարակման համար 12 մլն դոլար է պահանջում, գրում է “Комсомольская правда”-ն:
Առայժմ գաղտնիք է` ինչ է պատրաստվում գրել Մոնիկան իր գրքում, որում կպատմի “ողջ ճշմարտությունը”, ինչպես կարծում են Ամերիկայում: Մոնիկան դեռեւս խուսափում է մեկնաբանություններ տալ, իսկ ահա նրա ընկերները կարծես թե ավելի ոգեւորված են: Նրանց խոսքով` Մոնիկան կարող է շատ նոր գաղտնիքներ բացել Բիլլի սեռական հակումների մասին, ինչպես նաեւ հրապարակել նրա խոսքերը կնոջ` ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի մասին, ներառյալ այն, որ Բիլլի կարծիքով` “միայն ինքը չէ, որ ընտանիքից դուրս սեր է փնտրել”:
Որքան էլ որ պարադոքսալ է հնչում, ամերիկյան քաղաքագետները կարծում են, որ նման հակագովազդը կարող է ձեռնտու լինել Բիլլ Քլինթոնին եւ դեմոկրատների ողջ “բանակին”` ներառյալ Բարաք Օբամային` ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին: “The Huffington Post”-ի հարցումների համաձայն` սկանդալային հուշագրությունների մասին լուրն ամերիկացիների հետաքրքրությունն ավելի է շարժում, քան այն, թե ինչ բովանդակություն կունենան դրանք: