Խնդրենք Տիրոջից պահապան հրեշտակ մեր անձերի համար
Խնդրենք Տիրոջից առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնել. Շնորհի՛ր, Տե՛ր.
Խնդրենք Տիրոջից պահապան հրեշտակ մեր անձերի համար.
Շնորհի՛ր, Տե՛ր.
Խորհենք այս մասին քնելուց առաջ: Մի քնեք առանց խորհելու…
Վախենանք ապրելո՞ւց, թե՞ մահից…
Ապրել որպես քրիստոնյա` առանց մկրտության: Վայելել Աստծո ստեղծածը` առանց հաշվի առնելու Ստեղծողին:
Կոչվել Սուրբ Հոգու տաճար` մաքուր չպահելով տաճարը: Անարգել Աստծո պատկերը ունեցող մեկին, բայց սիրել Աստծուն:
Աստծուց տրված իշխանությունը գործածել ժողովրդին հալածելու համար: Աստծո տված շնորհ` հարստությունը պաշտել Աստծու փոխարեն:
Ապրել մարդկային օրենքներով, բայց ակնկալել Աստծո ողորմությունը: Անտեսել Տերունական օրը` կիրակին,Պատարագը, ծուլության պատճառով:
Անտեսել Ավետարանական ճշմարտությունները, առաջնորդվել ու իմաստասիրել մարդկային տրամաբանությամբ: Մոռանալ հոգևոր պարտականության մասին, մարմնավորի պատճառով:
Այս և նման այլ բաների համար կարելի է վախենալ, թե չէ մահը սրանց տրամաբանական ավարտն է իր տրամաբանական վարձատրությամբ:
Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ…
Մեր զգայարանները դուռ են մեր մարմնի համար:
Ինչպես որ դուռը բաց է բարեկամի և սիրելիի համար, և փակ է գողի ու ավազակի համար, այնպես էլ պետք է լինեն մեր զգայարանները` բաց` առաքինությունների և փակ` մեղքերի համար: Քանի բաց է Աստծո ողորմության դուռը, ներս մտնենք, չլինի թե փակվի ու մենք մնանք դրսում և լսենք ձայնը, թե` չեմ ճանաչում…
Խաղաղ գիշեր բոլորիս, բարի առավոտի ակնկալիքով:
Ծովիկ Դավթյան