Չլսված բան
Հաղթանակն ինքնին այնպիսի երևույթ է, որը մեկին ցավ է պատճառում, մյուսին՝ ցնծություն, արդյունքում՝ հաղթանակը բաժանում է մարդկանց, որովհետև երկրային ամեն հաղթանակի մեջ կողմերից յուրքանչյուրն իր փառքն է փնտրում: Մարդկության պատմության մեջ չի եղել մի թագավոր, ով իր հաղթանակն ու փառքը կիսել է ուրիշների հետ:
Չլսված իրողություն էր այն, որ Քրիստոս, ի տարբերություն բոլորի, հաղթանակ տարավ ոչ թե հանուն Իրեն ու Իր փառքի, այլ հանուն մեզնից յուրքանչյուրի փրկության: Հաղթանակը մեր Տեր Հիսուս Քրիստոսին ավելի զորավոր չդարձրեց, ոչ էլ ավելի հարուստ կամ կատարյալ, բայց այդպիսին դարձրեց մեզնից յուրաքանչյուրին: Սա ոչ թե ինքնասիրության, այլ մարդասիրության հաղթանակ էր:
Քրիստոսի հաղթանակը նպատակ չուներ խլելու, ինչ-որ բան իրենը դարձնելու: Սովորաբար մարդիկ չեն ցանկանում կիսել իրենց հաջողությունն ուրիշների հետ, իսկ Հիսուս Իր հաղթնակին մասնակից է դարձնում մեզնից յուրաքանչյուրին՝ փոխանցելով մեր հոգիներին լույս ու ջերմություն:
Քրիստոսի խաչի հաղթանակը կյանք է պարգևում, իսկ մեր երկրպագությունը Խաչին՝ իմաստավորում մեր կյանքը:
Տեր Եսայի քահանա Արթենյան