«Ակոս ծռող եզներ»
Սեպտեմբերի 5-ին Նեղոց գյուղի համայնքապետ Վարդան Աթանեսյանը հարբած վիճակում և ատրճանակով մուտք է գործել Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք՝ դրսևորելով պետական պաշտոնյային ոչ վայել արարք: Պատահականություններն ու արկածախնդիրներն իրավունք չունեն ներկայացնելու ՀՀ պետությունը և հայ ժողովրդին: Ամեն պատահականություն իրավունք չունի ընտրվելու համայնքի ղեկավար կամ պատասխանատու։ Ցավոք սրտի, մեր ժողովուրդը գյուղապետ ընտրելու մեծ հնարավորություններ և այլընտրանք չունի:
Համայնքներում շատ քիչ գիտակից ու կրթված մարդիկ են հավակնում իրենց թեկնածությունը ներկայացնելու համայնքապետի ընտրությունների ժամանակ, քանզի հասկանում ու գիտակցում են, որ պատասխանատու և հաշվետու են ժողովրդի առջև: Սակայն, իրենց համայնաքապետի թեկնածու համարողներից շատերը մեծամիտ պատահականություններ են՝ կիսագրագետ և կամ արկածախնդիր, որ չեն գիտակցում համայնքապետի ծանր ու պատասխանատու պարտականությունները:
Գյուղեր կան, որոնց բնակչությունը 25 տարի է՝ գերի է կեղեքիչ գյուղապետի ձեռքին: Համայնքում մեծամասնություն կազմող մեկ կամ երկու գերդաստան վճռում են ողջ գյուղի ճակատագիրը: Իսկ բնակչությունը դատապարտված է լռելու և հանդուրժելու: Ցավալի է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում դեռ պաշտոն են զբաղեցնում մարդիկ, որոնք պետականն ու սեփականը իրարից տարանջատել չգիտեն, բավարար գիտելիք չունեն՝ տարբերելու ազգայինն ապազգայինից, հայոց եկեղեցին ու ճշմարիտ հավատը՝ աղանդից: Ավաղ, արժանավորների կողքին լինում են նաև անարժաններ, ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը՝ «ակոս ծռող եզներ»: Մեր խորին համոզմամբ՝ պետք է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքը, որպեսզի բացառվեն նման խոտելի երևույթները:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ