Ինչն է կապում Դոնալդ Թրամփին եւ Ալիեւի նախկին փեսային․ նրանք հանդիպել են /տեսանյութ/
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսա Էմին Աղալարովը խառնված է սկանդալին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հենց Էմին Աղալարովն է կազմակերպել հանդիպում ռուս փաստաբանի հետ, ով իբր կոմպրոմատ ունի Հիլարի Քլինթոնի հետ, գրում է NovostiNK.ru-ն։ Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:
Ինչպես գրում է The Atlantic-ը, Թրամփն ու Աղալարովը ծանոթացել են 2013 թվականին։ Հայր եւ որդի Աղալարովները ցանկանում էին Մոսկվա բերել Միսս Տիեզերք մրցույթը, որն այն ժամանակ պատկանում էր Դոնալդ Թրամփին։ Թրամփն էլ այն ժամանակ գործեր է ունեցել Ադրբեջանում, որոնք ամերիկյան լրատվամիջոցներն անվանել են «շատ վատ»։ Սակայն Աղալարովը հայտարարել է, որ ինքը թեեւ կապեր ունի Թրամփի հետ, սակայն նրա գործարքների հետ կապ չունի։
Թրամփն էլ, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա պարզությամբ»:
Ամերիկյան CNN հեռուստաալիքն էլ հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարներ Արազ և Էմին Աղալարովների հանդիպման տեսագրությունը:
Հայտնի է, որ Թրամփի և Աղալարովների տեսագրված հանդիպումը կայացել է 2013թ. հունիսի 15-ին՝ Լաս Վեգասում: Ֆիքսված կադրերից մեկում Թրամփն Աղալարովներին անվանում է «Ռուսաստանում ամենահզոր ու հարուստ մարդիկ»:
Հիշեցնենք, որ 37-ամյա Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինը: