Կայացավ․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ տեւած հանդիպմանը /ֆոտո, տեսանյութ/
Ավելի քան 2,5 ժամ է տեւել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը։ Հիշեցնենք, որ նախագահներն առաջին հանդիպումն են անցկացրել նախօրեին երեկոյան՝ Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումն անց է կացել փակ դռների հետեւում, առանց լրատվամիջոցների ներկալության։ Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ռուս կոլեգայի հետ հանդիպելն ու ինքը հույս ունի, որ հանդիպման արդյունքը դրական կլինի։
Պուտինն էլ իր հերթին նշել է, որ ուրախ է անձամբ ծանոթանալ ամերիկացի կոլեգայի հետ ու այս հանդիպումից դրական ակնկալիքներ ունի։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպումից հետո Թիլերսոնը լրագրողներին հայտնել է, որ երկու երկրների նախագահները շատ արարգ են լեզու գտել միմյանց հետ։ Նա նշել է, որ նախագահները քննարկել են հակառուսական պատժամիջոցները, Ուկրաինայի իրավիճակը, Սիրիայում եւ Կորայում առկա խնդիրները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի միջոցները։
Լավրովն էլ հայտարարել է, որ նախագահները քննարկել են նոր դեսպանների նշանակման հարցը։ Նա նշել է նաեւ, որ երկու առաջնորդներն էլ տրամադրված են եղել փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու, ոչ թե առանց պատճառի խնդիրներ առաջացնելու։
«Սա երկարատեւ եւ հստակ հանդիպում էր։ Նախագահներն առաջնորդվում էին առաջին հերթին իրենց երկրների ազգային շահերով եւ հասկանում, որ պետք է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասել է Լավրովը։