Խոսքի ազատությունն ավելի կարեւոր է, քան աստծուն զրպարտելը կամ վիրավորանքը. Օբամա
“Մուսուլմանների անմեղությունը” վիրավորում է ոչ միայն իսլամի հետեւորդներին, այլ նաեւ ԱՄՆ-ի ողջ բնակչությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` միաժամանակ ընդգծելով, որ չի կարող ամերիկացիներին պաշտպանել այդ ֆիլմից, քանի որ խոսքի ազատությունը վեր է դասում ամեն ինչից, հաղորդում է “Интерфакс”-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ամենամյա ելույթի ժամանակ Օբաման սկանդալային ֆիլմը բնորոշել է “կոպիտ եւ զզվելի” բառերով` նշելով, որ ոչ մի ֆիլմ էլ չի կարող արդարացում լինել դաժանության եւ բռնության համար:
“Մեր երկիրն ընդունում է բոլոր ռասաների եւ կրոնների մարդկանց: Մենք հասկանում ենք` ինչու է այդ ֆիլմը վիրավորում մարդկանց, քանի որ մեր քաղաքացիները եւս վիրավորված են”,-հայտարարել է Օբաման:
Չնայած այդ ամենին, նախագահը խոստովանել է, որ չի կարող արգելել ֆիլմը` հավելելով. “Մեր սահմանադրությունը նախատեսում է խոսքի ազատություն: Ես եւս, որպես ԱՄՆ նախագահ եւ գերագույն հրամանատար, ընդունում եմ այն բոլոր ահավոր բաները, որ ասում են իմ մասին”: Նրա կարծիքով` խոսքի ազատությունն ավելի կարեւոր է որոշ հնարավոր հետեւանքներից, ինչպիսին, օրինակ, աստծուն զրպարտելը կամ վիրավորանքն են:
ԱՄՆ նախագահը նշել է նաեւ, որ ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները ՄԱԿ-ի գաղափարների եւ ԱՄՆ-ի դեմ են: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի գտնեն Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսին սպանած հանցագործներին եւ իր շնորհակալությունն է հայտնել Լիբիայի ժողովրդին եւ իշխանություններին` ցուցաբերած աջակցության համար: