Կենդանի լեգենդը․ Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը /տեսանյութ/
Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե, մեծ բարերար Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը։ Ազնավուրը հայտնի է ամբողջ աշխարհում, ամենուր նրան սիրում ու գնահատում են։
Շառլ Ազնավուրը՝ իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, ծնվել է Փարիզում՝ 1924 թվականին, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
Ազնավուրի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը։ Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր: Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։
Շառլ Ազնավուրը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում։ Նրա աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ “Aznavour toujours” ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»: