Կոնգրեսական Բերմանը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին բողոք ներկայացնել Ալիեւի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրին, ինչպես նաեւ այդ երկրին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու կոչով:
“Հարգելի պետքարտուղար, Սաֆարովին ներում շնորհելը սարսափելի փաստ է, իսկ Ալիեւի կողմից` այն ծաղր է արդարադատությանը եւ արհամարհանք է ՆԱՏՕ-ի, “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի եւ դրան մասնակից բոլոր պետություննների նկատմամբ: Քանի որ այդ սարսափելի սպանությունը տեղի է ունեցել այդ ծրագրի շրջանակներում, ես կոչ եմ անում ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին բողոք հայտնել Ալիեւին, ինչպես նաեւ դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ծրագրի միջոցառումներին այնքան ժամանակ, մինչեւ որ Ալիեւը կրկին կբանտարկի մարդասպանին եւ կվերադարձնի Հունգարիա` պատժի մնացած մասը կրելու: Ալիեւի այդ քայլ արհամարհանք է նաեւ հայի կյանքի հանդեպ”,-գրում է Բերմանը եւ հավելում, որ չնայած Պետքարտուղարությունը խիստ քննադատություն է հնչեցրել Ալիեւի արարքի վերաբերյալ, սակայն հարկավոր է անել ավելին: