25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com
Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:

Մի բան է չհամաձայնել նրա հետ ներքին քաղաքականության հարցերով, ինչպես օրինակ, մահմեդական զբոսաշրջիկների արգելումը, առողջապահությունը կամ պատի կառուցումը, բոլորովին այլ բան է, երբ նա սպառնում է օտար երկրներին, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, և ավելի վատ, երբ  հրաման է տալիս հրթիռներ արձակել Սիրիայի վրա…

 

Իսկ ի՞նչ խնդիր կա նման աղետալի որոշման հետ կապված: Թրամփը գիտելիքներ չունի սիրիական հակամարտության վերաբերյալ, բացի այն, ինչ կարդացել է որոշ ծայրահեղական հրապարակումներում և տեսել իր սիրելի FOX News հեռուստաալիքով:

 

Թրամփը հայտարարել է, որ նա խորապես ցնցվել է քիմիական հարձակումից տուժած մանուկների լուսանկարներից, որոնք տեսել էր հեռուստատեսությամբ: Ո՞վ կդիմանար: Անկասկած նրա մոտ եղել է զգացմունքային և ինքնաբուխ արձագանք սրտաճմլիկ պատկերների նկատմամբ, որը սակայն չի կարող փոխարինել կշռադատված արտաքին քաղաքականությանը, առանց այս ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստերի մանրակրկիտ քննության և սիրիական ավիաբազայի վրա ծայրահեղ գործողության ՝ 59  «Տոմահավկ» տեսակի հրթիռների արձակման հետևանքների ուշադիր քննման:

 

Բարեբախտաբար, Թրամփի օգնականները ահազանգել էին Ռուսաստանին հարձակումից քիչ առաջ՝ ռուսական զոհերից խուսափելու համար, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար… Բացի այդ, նախագահ Թրամփն իր գործողություններով խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, քանի որ նա չի խնդրել և չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի օրենքով պահանջվող թույլտվությունը՝ մեկ այլ ինքնիշխան պետության դեմ պատերազմ սկսելու համար: Թրամփը ոչ իմաստություն, ոչ էլ համբերություն ունեցավ սպասելու քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքներին՝ ստուգելու, թե ով է իսկապես պատասխանատու այս սարսափելի հարձակման համար:

 

Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին Իդլիբի մոտ քիմիական հարձակման համար: Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն այս իրադարձությունների առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չի տիրապետում որևէ քիմիական զենքի՝ նման բոլոր վտանգավոր նյութերը ոչնչացնելու վերաբերյալ իր 2003 թ. համաձայնագրից հետո: Բացի այդ, Սիրիան պնդում է, որ քիմիական պայթյունը տեղի է ունեցել իր օդուժի կողմից սիրիական ահաբեկիչներին պատկանող  պահեստի ռմբակոծման ժամանակ, որտեղ նրանք  պահեստավորել էին այդ վտանգավոր նյութերը: Ասադի համար անիմաստ էր քիմիական զենքի կիրառումը, երբ նա հաղթում էր, դրանով նա ռիսկի կդիմեր թշնամացնելու Արևմուտքին և արագացնելու ռազմական միջամտությունը:

 

Հիշեցնեմ, որ դեռևս 2013 թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն, սխալմամբ կարծելով, որ Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Սակայն, երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը «ուրիշի դրոշի ներքո» էր, ինչը նշանակում էր, որ այն կազմակերպվել էր Թուրքիայի և նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, Օբաման չիրականացրեց Սիրիայի վրա հրթիռներ արձակելու իր պլանները: Չպետք է մոռանալ, որ 2003 թ. ամերիկյան պաշտոնյաները կեղծ «հետախուզական» ապացույցներ ներկայացրեցին աշխարհին, պնդելով, որ Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ արդարացնելով Իրաք ներխուժումը:

 

Որքան էլ տարօրինակ է, սակայն Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամային համանման հարձակման ծրագրի համար: Բացի այդ, չնայած 2013 թ. քիմիական հարձակման ժամանակ ավելի շատ մարդիկ և երեխաներ սպանվեցին, Դոնալդ Թրամփը 40 թվիթներ էր հրապարակել, կոչ անելով Օբամային չհարձակվել Սիրիայի վրա: Այն ժամանակ, կարծես թե Թրամփը չէր մտահոգվել «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա է պնդում…

 

Թե Սպիտակ տունը, թե ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել  բացահայտ կեղծիքներ են տարածել Սիրիայի մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք նաև պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով և դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է:

 

Ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը, պետք է հարցնել.

 

1) Ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացվեց քիմիական հարձակման առնչությամբ մինչև ամերիկյան հրթիռների արձակումը:

 

2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր և աշխարհի ոստիկան: Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որ վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նման խախտումների հետաքննության, դատապարտման և պատժելու պատշաճ վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, ոչ թե Սպիտակ տունը: Բացի այդ, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է…

 

3) Հարձակվելով Սիրիայի վրա և ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները, Թրամփը, փաստորեն, խրախուսում և հզորացնում է ԻԼԻՀ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք շարունակեն և ընդլայնեն իրենց հանցագործությունները Սիրիայում և ամբողջ աշխարհում, հատկապես երբ տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելիս, Արևմուտքը դրա համար մեղադրում է նախագահ Ասադին և հարձակվում Սիրիայի վրա: Բացի այդ, թուլացնելով և փոխարինելով Ասադին, Թրամփը ռիսկի է դիմում ստեղծելու նմանատիպ քաոս և ահաբեկչություն Իրաքում և Լիբիայում, հանգեցնելով ավելի շատ մահացությունների… Ո՞վ կփոխարինի Ասադին և ի՞նչ երաշխիքներ կան, որ նրա փոխարինողը չի լինի ԻԼԻՀ-ը, պատճառ դառնալով ոչ միայն վերջին քիմիական հարձակման ժամանակվա 80 զոհերի, այլև լրացուցիչ միլիոնավոր զոհերի, ի լրումն կես միլիոն մահացությունների սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում: Միակ բանը, որ սիրիացի ժողովուրդը չի ուզում՝ հարձակումներն ու արյունահեղություններն են: Այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝  դիվանագիտական համառ ջանքերն են լուծում գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 

Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մտահոգ էին, որ Թրամփը կարող է անխոհեմ որոշումներ կայացնել և սպառնալ միջազգային խաղաղությանը, ցավոք, ականատես եղան նրա առաջին նման միջադեպին նրա առաջին 100-օրյա նախագահության ընթացքում: Բոլորն էլ հիմա մտավախություն ունեն, որ ավելի շատ  նման զենք ճոճելու և անցանկալի ապակայունացնող հարձակումներ տեղի կունենան առաջիկա շաբաթներին և ամիսներին աշխարհի այլ մասերում: Մնում է հուսալ, որ Թրամփը չի նախաձեռնել հարձակումը Սիրիայի վրա, պարզապես ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ ներքին խնդիրներից, ինչպես նա բազմիցս արել է այլ հարցերի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում…

 

Վերջապես, ի՞նչ եղան  Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» և «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ոչ թե աշխարհի» կրկնվող հանդուգն հայտարարությունները:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ