28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հատուցումն այսօր է եւ այս պահին

Մեծի Պահոց շրջանը, հնարավորություն է ինչպես անցյալի մասին մտածելու, այնպես էլ հնարավորթյուն է դեպի ապագան նայելուն:

Իսկ Քրիստոսի երկրորդ Գալուստը, դեպի ապագան մեր նայվածքն է: Գալստյան կիրակին՝ վեցերորդ կիրակին է Մեծի Պահոց, որովհետև հաջորդ կիրակիով՝ Ծաղկազարդով, մտնում ենք Ավագ շաբաթ:

Ինչու՞ է այս կիրակին կոչվում Գալստյան: Որովհետև, եկեղեցին մեզ հիշեցնում է, որ Մեծ Պահքը միայն անցյալի մասին խորհրդածելը չէ՛, անցյալի սխալները վերլուծելը չէ՛, անցյալի սխալներով տառապելն ու զղջալը չէ միայն: Այլ նաև դեպի ապագա նայելը և ապագային միտված լինելն է, որը գագաթնակետին հասնում է՝ Քրիստոսի երկրորդ Գալստյան խորհրդով:

Որովհետև, մեր ամբողջ հավատքը խարսխված է Քրիստոսի Հարության և երկրորդ Գալստյան սպասման վրա: Այս երկու սյուների վրա է քրիստոնյայի հավատքը խարսխված:
Եվ ինչպես ուրախանում ենք Քրիստոսի առաջին Գալստյամբ, որը արդեն անցյալում կատարված իրականություն է, այնպես էլ մեր հայացքը ուղղված է դեպի Երկրորդ Գալուստը, որով դարձյալ պետք է ուրախանանք, եթե արդար գտնվենք:

Եվ ուրեմն, եկեղեցին Պահքի վերջին շաբաթվա ընթացքում հիշեցնում է մեզ, միայն անցյալով չսահմանափակվել, այլ նաև ապագայի մասին մտածել: Եվ այդ ապագայի մասին լուրջ մտածել: Որովհետև անցյալը և ներկան չէ, որ մեզ առաջնորդելու է դեպի հավիտենականություն: Այլ ապագայի ճիշտ ծրագրեր կազմելը, ճիշտ մտածում ունենալը, ճիշտ նպատակադրում ունենալը: Եվ այդ ամենի հիմքը ՝ ճիշտ ապրելն է:

Մեր ժողովրդական մտածողության մեջ, ծանրության կենտրոնը մի քիչ շեղված է: Եվ մեր ժողովուրդը կարծես թե սպասում է, ինչ-որ մի ֆիլմի դիտման և այդ ֆիլմի ժամն է ուզում իմանալ, որպեսզի այդ ֆիլմը բաց չթողնի:
Բայց Քրիստոսի Երկրորդ Գալուստը ֆիլմ չէ՛, որ այդպես սպասենք … Քրիստոսի Երկրորդ Գալուստը հատուցման պահն է: Ուրեմն, երբ Երկրորդ Գալուստ ենք ասում, ավելի շատ պետք է հասկանանք, որ դա մեզ վերաբերող իրողություն է: Այսինքն, մենք հատուցելու ենք, հատուցման համար ենք կանգնելու:

Բարի գործերի համար ստանալու ենք՝ բարի խոսք և վարձք, չար գործերի համար ստանալու ենք ՝ պատիժ:
Ուրեմն, երբ որ ասում ենք Երկրորդ Գալուստ, ոչ թե մեր միտքը պետք է ուղղենք՝ արդյոք, ե՞րբ պետք է լինի… արդյոք ո՞ր թվականին պետք է լինի: Արևելքի՞ց պետք է լինի, թե արևմուտքի՞ց, ցերկը պետք է լինի, թե գիշերը պետք է լինի և նման մտածումներ … Այլ պետք է մտածենք, որ մենք հատուցման ենք այդ ժամանակ ներկայանալու, հատուցելու ենք մեր գործերի համար: Հետևաբար, ինչքան շատ հատուցենք մեր արված սխալների համար, այնքան մաքուր կերպով կներկայանանք Տիրոջ առջև:

Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, գուցե և Երկրորդ Գալուստը ուշանա, բայց մեզանից յուրաքանչյուրի համար, Երկրորդ Գալուստը վաղ թե ուշ գալու է: Երբ որ մեր երկրային կյանքն ավարտվեց, մեր երկրային կյանքից հետո, ուզում է հազար տարի հետո լինի կամ տաս հազար տարի հետո, Երկրորդ Գալուստը լինելու է: Եվ երկրային կյանքից հետո, մենք այլևս չունենք հնարավորություն հատուցելու մեր արված գործերի համար, ինչը որ արել ենք: Հատուցման հնարավորությունը այսօր է և այս պահին:

Հետևաբար, ոչ թե մտածենք Քրիստոսի Երկրորդ Գալուստը, ոնց է լինելու, ե՞րբ է լինելու և ինչպե՞ս է լինելու: Մեզ ի՞նչ է լինելու այդ օրը … Այլ, մենք պետք է հատուցման գաղափարը ունենանք:

Որովհետև Մեծի Պահոց շրջանը, պարզապես այդ չէ, որ մենք ապագային նայենք, տեսնենք մի հետաքրքիր ֆիլմ:
Ո՛չ, մեզ լուրջ փորձություն է սպասվում, այլ ոչ թե մի հաճելի ակնթարթ, որով պետք է ուրախանանք:
Այո՛, ուրախացողներ անշուշտ լինելու են: Բայց արդյո՞ք մենք, այդ ուրախացողների մեջ ենք լինելու: Արդյո՞ք մեր գործերը, թույլ են տալու, որ մենք ուրախացողների մեջ լինենք:

Եվ դրա համար պետք է մտածենք, որ ոչ միայն մեր անցյալը սրբագրենք, այլ նաև մեր ապագան կանխորոշենք ճիշտ:
Թուլ չտանք այն սխալները, որոնք առ այսօր թուլ ենք տվել:

Մեծ Պահքը ավարտվում է, վերջին շաբաթն է արդեն: Եվ բնականաբար, անցյալից բացի, պետք է մեր հայացքն ուղղենք ապագային: Այս է՝ Գալստյան կիրակիի հիմնական խորհուրդը: Մտածենք դարձյալ մենք մեր մասին, ոչ թե Տիրոջ Գալստյան ձևի և կերպի մասին:

Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյան
Շիրակի Թեմի Առաջնորդ

Կազմեց՝ Յ.Սանդոյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ