Համանախագահները պատրաստակամ են շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցում․ քաղաքագետ
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցին՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ նախորդ այցերի, հայտարարությունների համեմատ՝ Մինսկի խմբի կողմից ավելի մեծ պատրաստակամություն է տեսնում շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցում:
Բանախոսի կարծիքով՝ համանախագահները, չնայած ամեն ինչին, հույսը չեն կորցնում առաջ տանելու շփման գծում կարեւոր նշանակություն ունեցող այդ մեխանիզմների գործընթացը:
«Հայկական կողմը միշտ էլ նշել է, որ եթե այդ մակարդակում չլինեն ինչ-որ լուրջ պայմանավորվածություններ, ձեռքբերումներ, ապա առաջ անցնել հնարավոր չի լինի: Ես տեսանելի ապագայում չեմ սպասում բանակցային գործընթացում որեւէ լուրջ առաջխաղացման, բայց ամեն դեպքում Մինսկի խումբն անում է այն, ինչի համար ստեղծված է։ Նա առնվազն պահպանում է բանակցային գործընթացը, լծակներն ու կոնտակտները հակամարտող կողմերի միջեւ՝ շատ լավ հասկանալով, որ դրանից առավել, հաշվի առնելով քաղաքական կամքի բացակայությունը տարբեր մակարդակներում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից, հնարավոր չէ: Այստեղ մենք ունենք այն իրավիճակը, որը ոչ ոքի համար նորություն չէ»,- ասաց նա։
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հետ։
Նա նշեց, որ այդ հայտարարությունները նախընտրական մոտեցումներ են, որոնց նպատակն է տարբերվել այլ քաղաքական ուժերից։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է։ Բայց հատկապես նրա երկրորդ հարցազրույցից հետո ինձ մոտ տպավորություն ձեւավորվեց, որ նրա մոտ այնպիսի սինդրոմ է, երբ քաղաքական գործչի գործունեությունը մոտենում է իր ավարտին։ Չեմ կարծում, որ գաղափարական տեսանկյունից հասարակական կայնքում դա որեւէ դեր կարող է խաղալ», – ասաց նա։