Նախարարին համեմատել են օրանգուտանի հետ

Իտալական պահպանողական “Հյուսիսային լիգայի” քաղաքական գործիչ Ռոբերտո Կալդերոլին հայտարարել է, որ ինտեգրացիայի հարցերով նախարար Սեսիլ Կայենգեն իր մոտ ասոցացվում է օրանգուտանի հետ:
“Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ կենդանիներին` արջերին, գայլերին, սակայն երբ ես տեսնում եմ Կայենգեին, ես չեմ կարողանում չմտածել օրանգուտանի հատկանիշների մասին, սակայն չեմ պնդում, որ նա այդպիսին է”,-նշել է Կալդերոլին` հավելելով, որ Իտալիայի կառավարության առաջին սեւամորթ անդամը լավ կաներ “ի երկրում” նախարար դառնար:
Կալդերոլիի բառերն Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտայի դժգոհությունն են առաջ բերել: Նա անընդունելի է համարել քաղաքական գործչի բառերը եւ իր աջակցությունն է հայտնել Կայենգեին, ով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի է: Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ կոչ են արել Կալդերոլիին, ով իտալական սենատի փոխխոսնակն է, հրաժարական տալ: Նա փորձել է հարթել սկանդալը` հայտնելով, թե ինքը կատակ է արել: Հարկ է նշել, որ Կայենգեն 2013-ի ապրիլից` իր նշանակումից ի վեր, ենթարկվում է ռասիստների հարձակումներին:
Ի դեպ, Կալդերոլին առաջին անգամ չէ նման սկանդալի պատճառ դառնում: 2006-ին նա հեռուստատեսությամբ մարզական շապիկ էր ցուցադրել, որի վրա Մուհամեդ մարգարեին ծաղրող նկար էր պատկերված: Նույն թվականին, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իտալիայի հաղթանակից հետո նա վիրավորական խոսքեր էր ասել Ֆրանսիայի հավաքականի բազմազգ կազմի մասին: