Կոկաինը տեղափոխել են շների մեջ
Իտալական դատարանի որոշման համաձայն ձերբակալվել են Լատինական Ամերիկայից հանցավոր խմբի 49 ենթադրյալ անդամներ, որոնք Իտալիա կոկաին են ներմուծել շների մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ձերբակալվածների թվում են Պերուի, Էկվադորի եւ Սալվադորի քաղաքացիներ` 19-37 տարեկան:
Հետաքննության տվյալներով` թմրավաճառները Մեքսիկայում ստիպել են շներին կուլ տալ կոկաինով լի տոպրակները, որոնք փաթեթավորել են հատուկ նյութով, որը թույլ է տալիս թաքցնել թմրանյութը ռենտգենյան ճառագայթներից:
Շներին Իտալիա են հասցրել Միլանի օդանավակայանով, որից հետո կենդանիներին կամ սպանել են կամ մասնատել, որպեսզի նրանց ներսից հանեն կոկաինով տոպրակները: Իտալական ոստիկանության տվյալներով` ընդհանուր առմամբ 48 շուն է սպանվել:
Իտալիայի կենդանիների պաշտպաններն արդեն հայտնել են իրենց վրդովմունքը թմրանյութի` նման դաժան կերպով ներմուծման կապակցությամբ: Նրանց տվյալներով` ավելի շատ շներ կարող էին սատկել նախքան նրանց Իտալիա տեղափոխելը, ինչի պատճառ կարող էր լինել կենդանիների օրգանիզմում հայտնված թմրանյութը, որի մինիմալ չափաքանակը նույնիսկ կարող է սպանել շներին:
Լատինոամերիկյան երկրները, մասնավորապես Բոլիվիան, Պերուն եւ Կոլումբիան, կոկաինի արտադրությամբ առաջատարների շարքերում են աշխարհում: Թմրանյութերն այդ երկրներից հաճախ ներմուծվում են ԱՄՆ եւ եվրոպական երկրներ Մեքսիկայով: