Խորվաթիան պաշտոնապես ԵՄ անդամ դարձավ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/crotia_1372661118.jpg)
Այսօր` հուլիսի 1-ին, Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է “AFP”-ը, երկիրը ԵՄ 28-րդ անդամն է դարձել տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Խորվաթերենն էլ իր հերթին դարձել է ԵՄ 24-րդ պաշտոնական լեզուն:
Երկրի բնակչությունն արդեն տոնում է այս կարեւոր իրադարձությունը: Գլխավոր միջոցառումները տեղի են ունենում Զագրեբի կենտրոնական հրապարակում, որտեղ շուրջ 20 հազար մարդ է հավաքվել: Նրանց ողջունելու է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Հենց այսօրվանից Խորվաթիայի ներկայացուցիչները կսկսեն պաշտոնապես աշխատել ԵՄ-ի օրգաններում: Խորվաթիայի նախկին վարչապետ Նեմեն Միմիցան կդառնա սպառողների իրավունքների պաշտպանության գծով հանձնակատար: Եվրախորհրդարանում երկիրն ստացել է 12 տեղ` ընդհանուր 766 տեղից: Պատգամավորներ կդառնան այն կուսակցությունների նրկայացուցիչները, որոնք 2013-ի ապրիլին Խորվաթիայում տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններին ամենաշատ ձայներն են հավաքել:
Այսօրվանից Զագրեբում նաեւ կբացվի Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունը` ԵՄ պատվիրակության տեղում:
Խորվաթիան ԵՄ-ին անդամագրվելու պայմանգիր է ստորագրել 2011-ի դեկտեմբերին: 2012-ի հունվարին քվեարկություն անցակացվեց, որի արդյունքում երկրի բնակիչների մեծ մասը հանդես եկեավ ԵՄ-ին անդամագրվելուն կողմ: