ԱՄՆ-ում անլեգալ բնակվող 11 մլն գաղթականներ քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան

ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել միգրացիոն բարեփոխումների նախագիծը, որը թույլ կտա Միացյալ Նահանգներում անօրինական ձեւով բնակվող գաղթականներին օրինականցնել իրենց բնակությունը երկրում, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:
Կոնգրեսի Վերին պալատը` 68 կողմ եւ 32 դեմ ձայներով, հավանության է արժանացրել Բարաք Օբամայի նախագահության ընթացքում մշակված ամենակարեւոր փաստաթղթերից մեկին: 11 մլն գաղթականները, որոնք ներկա պահին անլեգալ գտնվում են երկրի տարածքում, կարող են ժամանակավոր փաստաթղթեր ստանալ: Դրա համար անհրաժետ է տուգանք վճարել, մարել բոլոր հարկերը եւ հաստատել անգլերեն լեզվի իրենց իմացությունը: Իսկ արդյունքում` հավանականություն կլինի նույնիսկ քաղաքացիություն ստանալու:
Օրինագիծը միաժամանակ խստեցնում է վերահսկողությունը սահմանների վրա: Մինչեւ 2021-ը Մեքսիկային մոտ տարածքում 40 հազար մարդ կհսկի:
Նախագահ Բարաք Օբաման արդեն իր շնորհակալությունն է հայտնել սենատորներին նման օրինագիծ ընդունելու համար: