Ֆրանսիայի առաջին տիկինը դավաճանել է նախագահին Պատրիկ Դեւեջյանի հետ
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը, դավաճանել է նրան հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենամոտ օգնական Պատրիկ Դեւեջյանի հետ: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները` հղում անելով “La Frondeuse” անվանումով գրքին, որում հրապարակված են սիրավեպի մանրամասները:
Գրքում նշվում է, որ այդ ընթացքում Վալերի Տրիերվեյլերը ամուսնացած է եղել, նրա սիրեկան Օլանդը` եւս: Վերջինիս կինը եւ նրա 4 երեխաների մայրն էր սոցիալիստների առաջնորդ Սեգոլեն Ռուայալը: Լրագրողներին հայտնի է դարձել, որ Տրիերվեյլերը խնդրել է Դեւեջյանին բաժանվել կնոջից, որի հետ նա ապրել է 30 տարի, սակայն Դեւեջյանը հրաժարվել է, որից հետո Վալերին կենտրոնացել է Օլանդի վրա: Հետաքրքիրն այն է, որ թե Դեւեջյանը, թե Օլանդը իմացել են, որ “անկողին են կիսում” նույն կնոջ հետ, սակայն նույնիսկ այդ պարագայում միմյանց “մեծ հարգանքով” են վերաբերվել:
Քրիստոֆ Ժակուբիսինի եւ Ալեքս Բուայագեի գիրքը, որը բացահայտել է այս սիրային եռանկյունին, վաճառքում կլինի այսօրվանից: Հայտնի է դարձել, որ Տրիերվեյլերը մտադիր է դատական հայց ներկայացնել գրքի հեղինակների դեմ:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախագահ է դարձել սոցիալիստ Օլանդը, ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում էին այն փաստը, որ առաջին տիկին է դարձել փարիզյան “Paris Match” ամսագրի 47-ամյա լրագրող Վալերի Տրիերվեյլերը` 2 անգամ բաժանված միայնակ մայրը, ով նորընտիր նախագահ Օլանդի հետ պաշտոնապես ամուսնացած չէ: Օլանդի սիրուհին դարձավ առաջին կինը պատմության մեջ, ով Ելիսեյան պալատ մուտք գործեց` նախագահի կնոջ իրավունքով:
Օլանդը եւ Տրիերվեյլերը ծանթացել են 23 տարի առաջ, երբ առաջին տիկինը լրագրող էր, իսկ Օլանդը` բավականին մեծ ընտանիքի հայր: