ԵԽԽՎ-ն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության սկզբում նշված է, որ սույն գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն ստորագրողներին: Հայտարարության մեջ նշվում է հետեւյալը.
“Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդու արժանապատվությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում փաստագրված է, ճանաչված եւ հաստատված ԶԼՄ-ների եւ ականատեսների վկայությունների հիման վրա` օրենքով, բանաձեւերով եւ հայտարարություններով` ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի անդամներ Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, ՌԴ-ի, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի, Լիբանանի խորհրդարանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ 43 նահանգների կողմից:
Ներքոստորագրյալներս` խորհրդարանական վեհաժողովի անդամներս, կոչ ենք անում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` ուղղված 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ կատարված ցեղասպանության ճանաչմանը, որը մեծապես կնպաստի մարդկության դեմ իրագործված սարսափելի հանցագործության ընդունմանը թուրքական իշխանությունների կողմից, կկարգավորի հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` դրանով իսկ հանգեցնելով տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը”: