Օբաման կբացահայտի ուղեղի գաղտնիքները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղեղի գաղտնիքները կբացահայտի 100 մլն դոլարով: Կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունների դեմ պայքարի նախագծում ներգրավվել են նույնիսկ Պենտագոնի ռեսուրսները, գրում է “МК.ru”-ն:
ԿՆՀ-ի վտանգավոր հիվանդությունների դեմ “պատերազմելու” իր մտադրության մասին Օբաման հայտարարել էր դեռեւս փետրվարին` “Երկրի վիճակի մասին” Կոնգրեսի ամենամյա ուղերձում: Օբաման իր նախաձեռնությունը ձեւակերպել է հետեւյալ կերպ` “Ուղեղի ուսումնասիրություն` առաջադեմ ինովացիոն նեյրոտեխնոլոգիաների միջոցով”: Դրա կարճ ձեւակերպումը` ”BRAIN”-ը, հետաքրքիր զուգադիպությամբ անգլերենում նշանակում է “ուղեղ”:
2014-ի դաշնային բյուջեի նախագծում ‘‘BRAIN”-ին կհատկացվի 100 մլն դոլար: Նախագծի իրականացմամբ կզբաղվեն Առողջության Ազգային ինստիտուտը, պաշտպանության ոլորտում Առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը եւ Գիտության ազգային հիմնադրամը: