Հիլլարի Քլինթոնը խոստովանել է իր մեղավորությունը Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեջ
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը խոստովանել է իր մեղավորությունը Լիբիայում ԱՄՆ դեսպան Ջոն Քրիստոֆեր Սթիվենսի մահվան մեջ: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է “CNN”-ի եթերում:
Քլինթոնն ընդգծել է, որ նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցություն չեն ունեցել այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների անվտանգության վերաբերյալ որոշումներին, քանի որ դա պետքարտուղարի պարտականությունների մեջ է մտնում: Նրա հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի քննադատություններին: Վերջինս մեղադրել էր Օբամային երկրի արտաքին քաղաքականությունից անտեղյակ լինելու մեջ:
Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին զինված անձինք ներխուժել էին Բենղազիում գտնվող ԱՄՆ դեսպանատուն: Զինված հարձակման հետեւանքով զոհվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ ԱՄՆ եւս 3 քաղաքացիներ: