Բալասանյանի ցանկը` վաղը
‘Առաջին հանդիպումն աշխատակազմի հետ անցավ շատ ջերմ մթնոլորտում և թերևս նման ընդունելության պատճառն այն էր, որ նաև քաղաքապետարանի աշխատակիցներն են գիտակցում, որ պարոն Բալասանյանի օրոք մեր բազմաչարչար Գյումրի քաղաքին զարգացում է սպասվում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:
Հիշեցնենք սակայն, որ մամուլը գրեց, թե Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներն այդքան էլ բարեհաճությամբ չեն ընդունել նոր քաղաքապետին: Նշվում էր նաև, որ նրա ներկայացումը աշխատակազմին անցել էր սակավաթիվ մարդկանց շրջանակում: Այս մասին խոսնակն ասաց, որ մարզպետի կողմից քաղաքապետարանի աշխատակիցներին նորընտիր քաղաքապետին ներկայացնելու արարողությանը ներկա էր քաղաքապետարանի գործող ողջ աշխատակազմը:
Մեկնաբանելով լուրերը, որ Բալասանյանը որոշել է աշխատանքից հեռացնել գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ մարդկանցից մեկին` ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, քաղաքապետարանի տրանպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանին` Եգանյանն ասաց.
‘Յուրի Ալեքսանյանը բաժնի ժամանակավոր պաշտոնակատար է եղել: Կադրերի փոփոխությունների հարցում այս պահին վերջնական ոչինչ չեմ կարող ասել: Բաժնի պետերը նշանակվում են ըստ օրենքի, օրենքն է սահմանում այն մասնագիտական կարողությունները, որոնց մարդը պետք է համապատասխան լինի: Ամենայն հավանականությամբ վաղը կհրապարակվի բաժնի պետերի ցանկը’: