Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ լատինոամերիկացի է
Հռոմի պապ է ընտրվել Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխո Մարիո Բերգոլյոն, ով Ֆրանցիսկ անունն է ընտրել իր համար: Նախկինում Հռոմի պապերից ոչ ոք նման անուն չի վերցրել:
Նոր Հռոմի պապը 76 տարեկան է: Նա կարդինալ է ձեռնադրվել 2001-ին` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից, իսկ 2005-ի կոնկլավին համարվում էր Հռոմի պապ ընտրված կարդինալ Յոզեֆ Ռացինգերի հիմնական մրցակիցը:
Խորխե Մարիո Բերգոլյոն ծնվել է 1936-ին իտալացի գաղթականի ընտանիքում: Առաջին մասնագիտությամբ նա քիմիկոս-տեխնիկ է: Ավելի ուշ նաեւ փիլիսոփայական կրթություն է ստացել: 1958-ից “Հիսուսի միության” անդամ է: Նա տարիներ շարունակ դասավանդել է տարբեր հոգեւոր կրթօջախներում:
Նոր պապը հայտնի է իր համեստ կենսակերպով: Նա բնակվում է փոքրիկ բնակարանում, օգտվում է հասարակական տրանսպորտից եւ, ըստ որոշ տվյալների, ինքն է իր համար կերակուր պատրաստում:
Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց գտնվող հրապարակն աննախադեպ մարդաշատ է: Ամբոխը բացականչում է “Viva il papa!” եւ “Francesco!”: “Habemus papam!”` “մենք պապ ունենք” արտահայտությունը եւ նոր պապի անունը տաճարի պատշգամբից բացականչել է ֆրանսիացի կարդինալ Ժան-Լուի Տորանը: Ըստ իտալական ԶԼՄ-ների` պապն ընտրվել է չորեքշաբթի օրվա համար նախատեսված քվեարկության վերջին` 5-րդ փուլում: