Վենեսուելան հետաքննություն կսկսի` Չավեսի թունավորման գործով
Վենեսուալայի իշխանությունները պաշտոնապես հետաքննություն են անցկացնելու` երկրի նախագահ Ուգո Չավեսի հնարավոր թունավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է նախագահի լիազորությունները կատարող Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է “Интерфакс”-ը:
“Բնազդը մեզ հուշում է, որ մեր հրամանատար Չավեսին թունավորել են մութ ուժերը, ովքեր ցանկացել են նրան շեղել ճիշտ ճանապարհից”,-հայտարարել է Մադուրոն` հավելելով, որ հենց դա էլ պատճառ է դարձել Չավեսի հիվանդության` այդքան արագ զարգանալուն:
Նշենք, որ Մադուրոն նախկինում էլ էր ասում, որ Չավեսի հիվանդության մեջ մեղավոր են “թշնամիները”` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները: Մադուրոն դեռ այն ժամանակ չէր բացառում թունավորման հավանականությունը եւ հիշեցնում Յասեր Արաֆաթի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ 58-ամյա Ուգո Չավեսը մահացավ մարտի 5-ին Կարակասի ռազմական հիվանդանոցում: Նա մի քանի տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն այդպես էլ չհաջողվեց հաղթել հիվանդությանը: Մարտի 11-ին Չավեսի մահվան սուգն ավարտվեց ու սկսվեց նախագահական քարոզարշավը: Մադուրոյի մրցակիցը կլինի ընդդիմության ներկայացուցիչ, Միրանդի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը: