Վատիկանում պատրաստվում են

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները պատրաստվում են նոր Հռոմի պապի ընտրությանը: Կարծես թե` Սուրբ գահի ֆավորիտներ առայժմ չկան, հաղորդում է “BBC”-ն:
Նախ 115 կարդինալները հատուկ արարողակարգ կանցկացնեն, այնուհետեւ կհավաքվեն Սիքստինյան կապելլայում, որտեղ երեկոյան կկայանա քվեարկությունը: Նախօրեին նրանք Վատիկանում վերջնական խորհրդակցությունն են անցկացրել:
Նախորդ շաբաթվա ընթացքում կարդինալները տասնյակ հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում նրանք քննարկել են` ինչ ակնկալիքներ ունեն նոր պապից: Քվեարկությանն օգտագործված քվեաթերթիկները կայրվեն, իսկ վառարաններից բարձրացող ծուխն, ամենայն հավանականությամբ, այդ երեկո սեւ կլինի, ինչը նշանակում է, որ պապը դեռեւս չի ընտրվել: Երբ ֆավորիտն ընտրված է լինում, հատուկ ներկանյութի շնորհիվ ծուխն սպիտակ է դառնում: